Ծերունին երազում առյուծներ էր տեսնում

Հարգել տարիքն առած մարդկանց, նրանց զիջել տեղը հասարակական տրանսպորտում, օգնել, եթե ձեռքին ծանր տոպրակ կա, նրանց հետ խոսել «Դուք»-ով Տարեց մարդկանց հանդեպ վարվեցողության կանոնները շատ են, և դրանք պարտավոր է պահպանել ցանկացած բարեկիրթ մարդ:

Թեև ժամանակի հետ ստիպված ենք բախվել իրականությանը` առաջացած տարիքն ինքնին արժանիք չէ: (Եվ ոչ էլ թերություն, ինչպես ընկալում է կանանց մի մեծ բանակ): Տարիքի հետ մարդիկ առավել են կառչում կյանքին:
Այդպես է նաև քաղաքական գործիչների դեպքում: Մտնում են քաղաքականություն և ոչ մի գնով չեն ցանկանում հեռանալ: Մնալու ցանկությունն առավելապես սրվում է նախագահական ընտրությունների ժամանակ. դնում են իրենց թեկնածությունն, ու վերջ. վստահ են, որ այդպիսով երկարացնում են իրենց քաղաքական կյանքը: Նրանք այնքան նման են 90-ամյա այն ծերունիներին, ովքեր Աստծո ամեն առավոտ մեկ գդալ մեղր են կուլ տալիս, քանի որ, ապացուցված է` մեղրը երկարացնում է կյանքի տևողությունը:
Եթե առաջացած տարիքն արժանիք չէ, ապա երիտասարդության դեպքում կարող ենք միանշանակ ասել` երիտասարդ լինելը մեծ առավելություն է: Երիտասարդություն` նշանակում է` էներգիա+երազանքներ+երազանքներին հասնելու համար բավականաչափ ժամանակ:
Եվ, ամենակարևորը, երիտասարդ տարիքում ստիպված չես լինում հոգոց հանել ու գլխով համաձայնության նշան անել` կրկնելով հին մի ճշմարտություն. «Բնությունը ստիպում է մռնչալ առյուծի պես և ցատկել վագրի պես, սակայն հանգամանքները ստիպում են մլավել կատվի պես և պոչը շարժել շան պես»:
Նախագահի թեկնածուներից ոչ ոք երիտասարդ չէ: Թեև, անկեղծ ասած, հայաստանյան չափանիշներով` երիտասարդությունը խիստ առաձգական հասկացություն է: Կարող ես երիտասարդ վիճակում անդամակցել, դիցուք, Հանրապետական կուսակցության երիտասարդական թևին, ու պարզվի, որ մինչև խոր ծերություն ի պաշտոնե կարող ես ներկայացնել տվյալ կուսակցության երիտասարդությանը: Ամեն դեպքում, ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի և Էդուարդ Շարմազանովի պարագան ցույց է տալիս, որ այս տեսակետը գոյության իրավունք ունի:
Ինչո՞ւ նախագահական ընտրություններին իր թեկնածությունը ոչ մի երիտասարդ չի դրել: Երիտասարդության սահմանումը խիստ դաժան է` ըստ առողջապահական սանդղակի. երիտասարդության վերին շեմը 35 տարեկանն է: Այս տրամաբանությամբ` քաղաքական ասպարեզում չկա երիտասարդ, ով կարող է հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին: (Ի դեպ, պատահական չէ, որ իր առավելություններից մեկը Հրանտ Բագրատյանը համարում է այն, որ Հայաստանի վարչապետ է եղել 33 տարեկանում): Ամեն դեպքում, Հովհաննես Թումանյանն իր հայտնի «Վայրէջքը» գրեց քառասունից հետո:
Հաշվի առնենք, որ մարդն իր կյանքի ամենակարևոր ընտրությունը` մասնագիտության և կողակցի ընտրությունը, կատարում է 17-27 տարեկանում: Այդ շատ տարիներ անց է թվում, թե 27 տարեկանում մարդը դեռ ինքնուրույն վճիռ կայացնելու համար հասուն չէ, դեռ երեխա է:
Սակայն դա միայն թվում է: Ամեն դեպքում, եթե դիտարկենք աշխարհի ամենահայտնի օրինակները, պարզ կդառնա հակառակը: Ալեքսանդր Մակեդոնացին (մ.թ.ա. 356-323), օրինակ, արդեն 25 տարեկանում իրեն հայտարարեց Աքեմենյանների օրինական հետևորդ: Գուցե ձևակերպումս այնքան էլ տեղին չէ, սակայն 33 տարեկանում Մակեդոնացին արդեն հասցրել էր մահանալ մալարիայից: Քանի՞ տարեկան էր Յուրի Գագարինը, երբ կատարեց իր առաջին և պատմական պտույտը Երկրագնդի շուրջ: Քսանյո՛թ:
Իսկ որտե՞ղ են մաքսիմալիստ, հավակնոտ, աշխարհը շրջել ցանկացող մեր երիտասարդները: Ինչո՞ւ չկա մեկը, ով կփորձի հայտ ներկայացնել նախագահական ընտրություններին, ձեռնոց նետել իրենց քաղաքական դարն ապրած գործիչներին: Առավել ևս, որ նախագահի թեկնածուների գործողություններն ու մտքերն առավելապես բժիշկների, քան ընտրողների մեկնաբանության անհրաժեշտություն են զգում:
Գործող իշխանությունների ամենից վտանգավոր ու ոչ գրագետ քայլը երիտասարդների հնարավորությունները սահմանափակելն է, նրանց ինքնագնահատականը նվազեցնելը: Դա ձեզ համար այն տաղանդավոր երիտասարդները չեն, որոնք այս կամ այն հիմնադրամի միջոցով գնում են արտասահմանյան լավագույն ուսումնական հաստատություններ` կրթությունը շարունակելու: Եվ, որպես կանոն, չեն վերադառնում:
Խոսքն այն երիտասարդների մասին է, որոնց տեսանք Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակում: Նրանք, որոնք ստանձնում են խաղալ այն ծովի դերը, որը պատրաստ է երկու մասի բաժանվել գործող նախագահի առաջ: Այդ երիտասարդներին ստիպել հնարավորինս բարձր և լավ տրամադրությամբ հրճվանք արտահայտել, բղավել` տեսնելով գործող նախագահին, ազնիվ չէ: Այս երիտասարդները տարիներ անց ևս հանդես են գալու զանգվածային նման տեսարաններում, պատմելու են ասք` հաջորդ նախագահների «կրակոտ» երիտասարդության մասին:
Բոլոր կուսակցություններն ունեն իրենց երիտասարդական կառույցները: Սակայն ո՞ւր են վառ, իրենց անհատականությամբ, սկզբունքայնությամբ, ապագայի հանդեպ թող որ անիրականանալի երազանքներ ունեցող երիտասարդներ: Տեսնում ենք հակառակը. մասնավորապես ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն աճեցնում են կուսակցության առաջնորդի առաջ հուզմունքից շիկնող ու շնչահեղձ լինող երիտասարդներ: Իսկ առաջին պլանում, արդեն 20 տարի շարունակ, նույն կուսակցականներն են` ժամանակի հետ ճերմակող մազերով, կորացող մեջքով, հին հիշողություններով ապրողգ
Առհասարակ, տարիքը երկար ապրելու միակ նախապայմանն է: Պարզապես տարիքն արժեք է ստանում, եթե, ինչպես Հեմինգուեյի ծերունին` դեռ կարող ես կռիվ տալ ծովի հետ և երազում առյուծներ տեսնել:

Տեսանյութեր

Լրահոս