Անդրիաս Ղուկասյանի անալիզների հանձնումը հանելուկի է վերածվել
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով արդեն 23 օր է ինչ գտնվում է հացադուլի մեջ՝ փետրվարի 11-ին, երբ իրեն այցելության է գնացել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, հանձնել է անալիզներ,- այդ մասին «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը՝ հավելելով, որ այդ ամենը իրականացվել է ոչ առողջապահության նախարարության միջոցով:
Վերջինս իր խոսքում նշեց, որ տեղյակ չէ, թե ում միջոցով է կազմակերպվել անալիզների հանձնումը, և որ պատասխանների մասին ոչինչ չի կարող ասել:
Անդրիաս Ղուկասյանի շտաբի պետ Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ անալիզների հանձնումը կատարվել է առողջապահության նախարարության միջոցով: Իսկ երբ լսեց, որ առողջապահության նախարարությունից ասել են, որ իրենք չեն կազմակերպել, երկմտեց ու ասաց, որ ավելի լավ է հենց առողջապահության նախարարությունից ճշտենք և որ առավել ևս նախագահի թեկնածուի անալիզների պատասխանների մասին ինքը ոչինչ չգիտի:
Նշենք, որ այսօր փոխնախարարը, Անդրիաս Ղուկասյանին հորդորել է դադարեցնել հացադուլը` միաժամանակ պնդելով, որ միայն լաբորատոր-գործիքային համալիր հետազոտությունների արդյունքում կարելի է նրա առողջական վիճակի մասին ամբողջական պատկերացում կազմել։