ՆԱՏՕ-ն կմտնի Սիրիա միայն այն դեպքում, եթե նա հարձակվի Թուրքիայի վրա. Ռասմուսեն
Euobserver.com-ին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կարող է Սիրիայի դեմ գործողություններ ձեռնարկել միայն այն դեպքում, եթե Թուրքիան նրա կողմից ենթարկվի հարձակման.
«Մենք հիասթափություն ենք ապրում, երբ լսում ենք սիրիական զորքերի կողմից մարդու իրավունքների զարմանալի խախտումների մասին: Սակայն ՆԱՏՕ-ն չի միջամտում սիրիական հակամարտությանը, քանի որ ՄԱԿ-ը նրան չի խնդրել այդ մասին: Անգամ սիրիական ընդդիմությունը միջազգային հանրությանը ռազմական միջամտության կոչ չի արել: Սակայն ամենագլխավորն այն է, որ դա չի տա օգուտ:
Ես խորապես վստահ եմ, որ յուրաքանչյուր արտաքին ռազմական միջամտություն կունենա անկանխատեսելի հետևանքներ, որովհետև սիրիական հասարակությունն ունի շատ բարդ քաղաքական, էթնիկ ու կրոնական կառուցվածք: Արտաքին ռազմական միջամտությունը չի կարող հանգեցնել հակամարտության կարգավորմանը և անգամ կարող է էլ ավելի վատթարացնել իրավիճակը:
Իրավիճակը կարող է փոխվել, եթե Սիրիան որոշի հարձակվել Թուրքիայի վրա: Թուրքիայում Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայումն ունի զսպիչ էֆեկտ, քանի որ Սիրիան գիտի, որ պետք չէ անգամ մտածել Թուրքիայի վրա հարձակվելու մասին: Ես կարող եմ վստահեցնել, որ մենք պատրաստ ենք անել ամեն ինչ՝ Թուրքիային արդյունավետորեն պաշտպանելու համար»:
Հիշեցնենք, որ Թուրքիան սիրիական հակամարտության սկսվելուց հետո նրա հետ իր սահմանին գնացել է բազմաթիվ սադրանքների՝ փորձելով ՆԱՏՕ-ին ներքաշել սիրիական հակամարտության մեջ՝ խաղարկելով այն հանգամանքը, որ հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ: ՆԱՏՕ-ի միջամտությունը պետք է հանգեցներ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը, ինչին ամեն գնով ցանկանում է հասնել Թուրքիան:
Նախ Սիրիայի կողմից մի քանի անգամ գնդակոծվեցին Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների ճամբարները, ինչի հետևանքով զոհվեցին նաև Թուրքիայի քաղաքացիներ: Ապա 2012 թվականի հունիսի 22-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-4 հետախուզական ինքնաթիռը Միջերկրական ծովում խախտեց Սիրիայի օդային սահմանը, ինչից հետո այն վայր գցվեց Սիրիայի ՀՕՊ-ի ուժերի կողմից:
Դրանից հետո՝ աշնանը, սկսվեցին Սիրիայի տարածքից Թուրքիայի տարածքի հրետակոծությունները, ինչին Թուրքիան պատասխանեց նույն կերպ: Սակայն թուրքական ընդդիմադիր մամուլը գրեց, որ Սիրիայի տարածքից Թուրքիային հրետակոծել են թուրք-սիրիական սահմանի մոտ կատաղի մարտեր մղող սիրիացի ապստամբները, որոնց տվյալ զենքը հատկացրել է հենց Թուրքիան:
Ի դեպ, Թուրքիան հենց այս սադրանքի շնորհիվ ՆԱՏՕ-ից ստացավ Patriot զենիթա-հրթիռային համալիրներ, որոնց մասին նա երազում էր վաղուց: Գնալով նման սադրանքների՝ Թուրքիան հուսով էր ի կատար ածել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, որում նշված է, որ ՆԱՏՕ-ի անդամ մեկ երկրի դեմ իրականացված հարձակումը հանդիսանում է հարձակում ողջ ՆԱՏՕ-ի դեմ:
Սակայն դա չհաջողվեց Թուրքիային. ՆԱՏՕ-ն քանիցս հայտարարել է, որ այդ հոդվածը կարող է Թուրքիայի պարագայում կյանքի կոչվել, եթե սիրիացի զինվորները հատեն Թուրքիայի սահմանը: Ավելին, Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթայի խոսքերով՝ ցայժմ այդ հոդվածը կյանքի է կոչվել միայն մեկ անգամ՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: