Լյուբիտ, նե լյուբիտ. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մանրից հասանք քարոզարշավի վերջին շաբաթին (թու’, թու’, թու’), ու, որ ուրիշ որևէ արտառոց բան չպատահի, փետրվարի 18-ին նախագահ կընտրենք, ու կվերջանա էս ամբողջ խառնաշփոթը։
Իսկ մինչ այդ, թեկնածուները դեռ շարունակում են քարոզել։ Պարույր Հայրիկյանը, որ հանցագործներին շփոթեցնելու նպատակով հայտարարել էր, որ կրակողը սլավոնական արտաքին ունի, արդյունքում պարզվել է, որ լավ էլ հայկական սֆաթ է, հիմա էլ սկսել է մեր ամբողջ ժողովրդին շփոթեցնել։ Երկուշաբթի դիմում է ՍԴ, որ ընտրությունները հետաձգի երկու շաբաթով, երեքշաբթի դիմումը հետ է վերցնում, չորեքշաբթի նորից դիմում է ՍԴ, հինգշաբթին ձկան օր է, ուրբաթ դիմումը հետ է վերցնում, շաբաթ հայտարարում է, որ գուցե որոշի թեկնածությունը հանել, ուղղակի կողմնակիցները համոզում են, որ մնա, կիրակի էլի դիմում է ՍԴ։ Ժողովուրդն ու լրագրողներն էլ շունչները պահած՝ հետևում են անկախության սիմվոլի քայլերի հաջորդականությանը՝ կդիմի՞-չի դիմի, սիրո՞ւմ է– չի սիրում։
Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը Հայրիկյանին համոզել է, թե հենց իրենից է կախված ընտրությունները հետաձգել-չհե տաձգելու պահը։ Ու նաև, որ մարդիկ կան, որոնք ձգտում են ակնհայտ կատակերգական իրավիճակի մեջ ողբերգության նոտաներ մտցնել։
Այսքանից հետո մնում է, որ ապացուցեն Հայրիկյանի վրա կրակողների ու նախագահի մեկ ուրիշ թեկնածուի կապը, ու սերիալի սյուժեն պատրաստ է: Թվում է, եթե Սերժ Սարգտանի մոտ չստացվի ընտրություններից լուրջ ինչ-որ իրադարձություն սարքելը, նա, գուցե և գնա ընտրության երկրորդ փուլի՝ միջազգային դիտորդներին համոզելու համար, որ Հայաստանում ընտրությունները մի ուրիշ ձևի մրցակցային են։ Հատկապես, որ բոլոր լրագրողներին արդեն մատչելի հայերենով բացատրվել է, որ տոկոսները խփելով է, կուզեն 100-ից 90% կխփեն, կուզեն՝ 80%, կուզեն՝ 60%. ընդունվում են առաջարկներ և կոլեկտիվ հայտեր։
Այս պայմաններում բոլորովին պատահական չի թվում այն, որ Հայաստանի եվրոպացի բարեկամները Սերժ Սարգսյանին արդեն 10 տոկոսով ավելի քիչ ձայն են «խոստանում», քան անցյալ շաբաթ, Րաֆֆի Հովհաննիսյանի տոկոսներն էլ բարձրացրել-հասցրել են 33-ի։ Եթե վերանանք այն տրամաբանությունից, որ շարքային հայաստանցին ձեռք-սեղմման մեռած է և դրա արդյունքում՝ ձայներ է նվիրում թեկնածուին, մնում է ենթադրել, որ մեզ աստիճանաբար ու հետևողականորեն կարող են նախապատրաստել ընտրությունների երկրորդ փուլի։
Աստված ազատի մեզ չարից, փորձանքից ու մանավանդ, էսպիսի ընտրությունների երկրորդ փուլից, ամեն»։