Հաճույքների գինը. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Բուլատ Օկուջավան մի երգ ունի` նավաստիների մասին։ Իմաստը հետևյալն է. ինչ հաճելի բան է նավաստի լինելը՝ ցամաքում դու ամբողջ օրը խնջույքների մեջ ես, քեզ նախանձում են տղամարդիկ, քեզ սիրում են կանայք, դու հպարտորեն քայլում ես ափով՝ ժապավեններով գեղեցիկ գլխարկդ դրած։ Բայց, մյուս կողմից, երբ նավաստին ծով է դուրս գալիս, կան բազմաթիվ վտանգներ՝ ծովում փոթորիկներ են լինում, նավը կարող է խորտակվել, նավաստիներն էլ հետը։ Իսկ չի՞ կարելի արդյոք ծառայել ցամաքում, բայց ման գալ ժապավեններով զարդարված գեղեցիկ գլխարկներով։
Այդ երգը ես հիշեցի՝ մեր բիզնեսմենների, քաղաքական և պետական գործիչների վարքի հետ կապված։ Մի կողմից՝ իրենց կյանքում, կենցաղում կան հաճելի բաներ՝ փողեր, «պադավատներ», առանձնասենյակներ, քարտուղարուհիներ, ինչպես նաև՝ կախյալ մարդկանց վախեցած աչքեր։ Հավանաբար, հենց դրա համար էլ նրանք ձգտում են այդ բիզնեսներին և պաշտոններին՝ մանավանդ որ, ինչպես հայտնի է, մեզ նման երկրներում մեկը մյուսի հետ կապված է։ Բայց մյուս կողմից՝ կան որոշակի անհարմարություններ, մասնավորապես, լրագրողները կարող են տհաճ հարցեր տալ, կարող են հետաքրքրվել քո հարստությամբ, կարող են պարզապես քո սուտը բռնել։
Օրինակ՝ 150 հազար դրամանոց բազմաթիվ թափուր տեղերի մասին։ Նման անհարմարությունների հետ պետք է հաշտվել՝ ուրիշ ճար չկա։ Ամենախոհեմ վարքն է նման դեպքում՝ լսիր այդ տհաճ խոսակցություններն ու հարցերը, հետո վերցրու քո «աղանձը», քաշվիր քո անկյունը և սուսուփուս ծամիր այն։
Բայց մարդը մնում է մարդ, նա համ «ժապավեններն» է ուզում, համ էլ չի ցանկանում ծով դուրս գալ։ Հենց այդ պատճառով էլ հենց որ նրանց մի տհաճ հարց ես տալիս, աոաջին միտքը, որը ծնվում է նրանց ոչ այնքան պայծառ գլուխներում, հետևյալն է՝ «էս ո՞վ է իմ չուզողը, որ իմ վրա գործ է տվել, հաստատ իմ թիմից է, հաստատ ես նրան ամեն օր բարևում եմ, ժպտում եմ, ձեռքն եմ սեղմում, իսկ նա…», և նման պարանոյիկ մտքեր։ Առաջին հարցը, որը նրանք, ի պատասխան հարցի, տալիս են, մոտավորապես այսպիսին է՝ «իսկ դա ձեզ ո՞վ է ասել»: Որից հետո գալիս է միանշանակ եզրակացություն՝ «Ես գիտեմ՝ դա ում պատվերն է»:
Եվրոպացիներն այս մարդկանց հրաշալի նվեր են մատուցել՝ ասել են՝ ապաքրեականացրեք վիրավորանքն ու զրպարտությունը։ Դա իսկական տոն էր մեր օլիգարխների և պաշտոնյաների համար՝ նրանց ձեռբը մի գործիք ընկավ, որով հնարավոր է «պատժել» լրատվամիջոցներին։ Նույն եվրոպացիները հետո բացատրեցին, որ դա վիրավորանքից և զրպարտությունից պաշտպանվելու, ոչ թե թերթերի վրա հարձակվելու գործիք է։ Թե որոնք են այս ոլորտում Եվրոպայում ընդունված իրավական մեխանիզմներն ու նախադեպերը՝ մի քանի տասնյակ անգամ պարզաբանել է Տեղեկատվական վեճերի խորհուրդը։ Կարծես թե որոշ ժամանակ անց «ժապավեններ կրողները» սկսեցին դա հասկանալ։ Բայց վերջերս «3 միլիոնի վիրավորվելը» կրկին սկսել է այդ շրջանակներում նորաձև դաոնալ։ Միևնույն է՝ «ծով դուրս չգալը» չի ստացվի»։