Կառավարությունը խաբում է, ցուցանիշները խառնում է, որ ի՞նչ անի
ՀՀ ՊԵԿ մաքսային կոմիտեն այսօր հրապարակել է Հայաստանի արտաքին առևտրի 2012 թվականի ամբողջական ցուցանիշները, որոնք հերթական անգամ ցույց են տալիս, որ Ռուսաստանից ներմուծվող գազի գինը թանկացել է։
Դրանում կարող եք ինքներդ համոզվել։
Մաքսային կառույցի կողմից հրապարակված «ՀՀ արտաքին առևտուրն երկիր-ապրանք կտրվածքով (2011-2012թթ.) » զեկույցում գտեք Ռուսաստանը և ապրանքախմբերի մեջ համեմատեք 2711 կոդի ցուցանիշները։ 2711 կոդը բնական և հեղուկ գազն է։ Եվ քանի որ հեղուկ գազի մասնաբաժինը չնչին է, ապա այդ կոդով կարելի է կարծիք կազմել բնական գազի գնի փոփոխության մասին։
Այս փոքրիկ աղյուսակն առանձնացրել ենք նշված զեկույցից։ Այն ցույց է տալիս Ռուսաստանից ներմուծված գազի ցուցանիշները։ Ինչպես տեսնում եք, 2012 թվականին 1000խմ գազի մաքսային արժեքը կազմել է 232.3 դոլար, մինչդեռ 2011-ին այն 198.4 դոլար էր։
Գրեթե համոզված ենք, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «չի նկատի» այս ցուցանիշները։ Իսկ երբ նախարարին տեղեկացնեն, ապա նա կխոստանա ծանոթանալ, սակայն «կմոռանա»։
Հիշեցնենք, որ հայրենի կառավարությունը նախանձելի համառությամբ արդեն ամիսներ շարունակ պնդում է, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000խմ-ը՝ 180 դոլարով։