Խորհուրդներ 40-ն անց կանանց
Շատերը կարծում են, որ կինը 40 տարեկանում կորցնում է իր գեղեցկությունը և թոշնում ծաղկի նման: Կնոջ գեղեցկությունը տարիք չի ճանաչում, և կինը կարող է գեղեցիկ և գրավիչ լինել նույնիսկ 40 տարեկանում, իհարկե, եթե հոգ տանի իր գեղեցկության մասին: Իսկ ինչի՞ց պետք է սկսել:
Հոգեբանություն: Ճիշտ հոգեբանությունը գեղեցիկ լինելու առաջին կարևոր նախապայմանն է: Ոչ ոք Ձեզ գեղեցիկ և երիտասարդ չի համարի, եթե ինքներդ այդ կարծիքին չլինեք: Առաջին հերթին՝ ընդունեք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, և եղեք ինքնավստահ: Պետք չէ կուրորեն հետևել նորաձևությանը կամ փորձել նմանակել երիտասարդ աստղերին` ընդունելով Ձեր անհատականությանն օտար կերպարներ: Փորձեք գտնել Ձեր ոճը, այն հագուստը, որը Ձեզ ամենաշատը կսազի` ընդգծելով առավելությունները և թաքցնելով թերությունները: Եվ մի՛ մոռացեք օգտագործել նորաձև աքսեսուարներ:
Ճիշտ և մշտական խնամք: Կնոջ գեղեցկության անբաժան մասն է մարմնի ճիշտ և մշտական խնամքը: Ինչպես ասում են ֆրանսուհիները` չկա տարիքով կին, կա միայն կին, ով դադարել է իրեն խնամել: Կազմվածքին, առողջությանը, մաշկի, մազերի և եղունգների գեղեցկությանը հետևող կինն է միայն համարվում կանացի և գեղեցիկ:
Ճիշտ դիմահարդարում: Այս տարիքի կանանց դիմահարդարումը պետք է լինի բնական, և, միևնույն ժամանակ՝ գրավիչ: 40-ից հետո չպետք է վառ գույներով փորձարկումներ կատարել դիմահարդարման վրա: Շրթներկի համար ավելի հարմար են տաք, հնարավոր է՝ նաև փոքր-ինչ ոսկեգույն երանգները, իսկ կոպերի ստվերաներկի համար՝ բաց շագանակագույնը, բեժը, մոխրագույնը կամ գունատ երկնագույն երագները: Գունավոր թարթիչաներկից խորհուրդ է տրվում հրաժարվել` նախապատվությունը տալով ոչ թե սև, այլ շագանակագույն թարթիչաներկին: Մգացրեք միայն վերևի կոպի թարթիչները, քանի որ այն Ձեզ ավելի երիտասարդ տեսք կտա: Եթե չեք ցանկանում հրաժարվել աչքի մատիտից, ապա ընտրեք մոխրագույն կամ շագանակագույն երանգները: Իսկ կրեմ-հիմք ընտրելիս՝ նախապատվությունը տվեք թանկ և որակյալ տեսակներին, որոնք կթաքցնեն մաշկի թերությունները:
Հագուստի գույնը: Հագուստի գույնը պետք է համապատասխանի Ձեր աչքերի, մաշկի, մազերի գույնին: Փնտրեք այն գույները, որոնք Ձեր մաշկին թարմություն կհաղորդեն: Վարդագույնը սիրողների համար գեղեցիկ տարբերակներ կարող են համարվել նաև կորալի և դեղձի երանգները:
Հագուստի ոճը: Խուսափեք կարճ զգեստներից, շորտերից և «ճղված» ջինսերից: 40-ից հետո կնոջ բաց ծնկները գեղեցիկ չեն դիտվում, ուստի ընտրեք ծնկները ծածկող և զուսպ զգեստներ: Միջին չափի բարձրակրունկ կոշիկները Ձեզ ավելի բարձրահասակ, կանացի և տպավորիչ կդարձնեն: Զարդերը պետք է լինեն չափավոր և գեղեցիկ: Կրեք թանկարժեք զարդեր կամ որակյալ բիժուտերիա:
Իհարկե, 40-ն անց կինը չի կարող մրցել երիտասարդ աղջկա հետ, և պետք էլ չէ: Ձեր հիանալի ժպիտը և աչքերի փայլը բավական են, որպեսզի հիասքանչ տեսք ունենաք: Թող երիտասարդ աղջիկները գտնեն իրենց արքայազնին, իսկ Ձեզ բաժին հասնի թագավորը:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ