Դարչինը գեղեցկացնում է կնոջը
Ինչո՞վ է օգտակար դարչինը: Դարչինն, առաջին հերթին, մեծ կիրառում ունի խոհարարության և օծանելիքի արտադրության մեջ: Սակայն դարչինն այնպիսի հատկություններ ունի, որոնց շնորհիվ կարող է հրաշքներ գործել նաև կանացի գեղեցկության պահպանման հարցում: Սկզբում ծանոթանանք դարչինի կոսմետիկական հատկություններին: Դարչինը հարուստ է հակաօքսիդանտներով և աղանյութերով, որոնք հանում են բորբոքվածությունը և նպաստում են արյան շրջանառության կարգավորմանը: Հենց այս պատճառով կոսմետոլոգները դարչինն օգտագործում են մաշկի մաքրման և սնուցման համար:
Դարչինով դիմակ դեմքի համար: Տրորեք բանանի 1/3-րդ մասը, ավելացրեք 2ճ/գ թթվասեր, 1թ/գ դարչին և մի քանի կաթիլ լիմոնի հյութ: Ստացված խառնուրդը քսեք դեմքին և պահեք 15 րոպե: Այնուհետև դեմքը լվացեք տաք ջրով և կրեմ քսեք: Անմիջապես կզգաք, թե ինչ նուրբ, էլաստիկ և փափուկ է դարձել Ձեր մաշկը դիմակից հետո:
Մազերի աճի դիմակ: Դարչինը կարելի է օգտագործել՝ որպես մազերի արագ աճը խթանող միջոց: 2 ճ/գ մածունը, նույն քանակությամբ ձիթայուղը, 1 ձուն, 1թ/գ դարչինը և 1թ/գ մեղրը խառնում եք միմյանց: Ստացված խյուսը քսեք մազերի երկայնքով և 15 րոպե թողեք մազերին: Հետո շամպունով լվացեք մազերը:
Մարմնի սկրաբ: Դարչինը հիանալի միջոց է մարմնի արդյունավետ սկրաբ պատրաստելու համար, այն հատկապես հարմար է չոր մաշկի համար: Վերցրեք կես բաժակ ձիթայուղը, վրան ավելացրեք 1թ/գ դարչին և 1ճ/գ շագանակագույն շաքար: Կանգնեք տաք ցնցուղի տակ, մարմինը ջրով թրջեք և նուրբ շարժումներով ստացված խառնուրդը քսեք մարմնին: Եթե Ձեր մաշկը միջին չորություն ունի կամ ճարպոտ է, ապա սկրաբի մնացորդները մարմնից հեռացրեք մարմնի գել օգտագործելով, իսկ եթե մաշկը չոր է, ապա մարմինը ցայեք ջրով և մի օգտագործեք այլ կոսմետիկական միջոցներ:
Գոյություն ունի ևս մեկ խորամանկ միջոց` դարչինի օգտակար հատկությունները կորզելու համար: Մի փոքր դարչինի յուղը փայտիկով խառնեք այն քսուքի հետ, որն օգտագործում եք մաշկի համար: Նման կերպ քսուքը կհարստանա դարչինի օգտակար հատկություններով:
Դարչինի յուղը կարելի է օգտագործել ոչ միայն՝ որպես կոսմետիկական միջոց, այլև բուժիչ նպատակով: Մի քանի կաթիլ դարչինի յուղը ինհալացիայի համար նախատեսված ջրի մեջ եք կաթեցնում, կամ այն խառնում եք նուշի ձեթի հետ (դարչինի ձեթի 1-3 կաթիլը՝ 5մլ նուշի ձեթի հետ): Այս խառնուրդը քսում եք կրծքի հատվածին և մեջքին, որն էլ օգնում է արագ հաղթահարել մրսածությունը:
Ուշադրություն: Երբեմն եթերային յուղերը կարող են առաջ բերել ալերգիկ երևույթներ, ուստի մի քանի կաթիլ դարչինի ձեթը կաթեցրեք ձեռքի մաշկին և մի քանի ժամ սպասեք: Եթե ալերգիկ երևույթներ չառաջանան, ապա հանգիստ կարող եք անսահմանափակ օգտվել դարչինի յուղից՝ կոսմետիկական կամ բուժման նպատակներով:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ