Գերչակի յուղը՝ որպես գեղեցկության դեղամիջոց
Գերչակի յուղը կնոջ դեղարկղի անբաժան մասը պետք է լինի, քանի որ նրա օգտակար հատկությունները ոչ միայն առողջության գրավական են, այլև գեղեցկության պահպանման միջոց:
Գերչակի ձեթը՝ մազերի համար: Գերչակի ձեթը հիանալի դեղամիջոց է մազերի փայլը, ամրությունը, առողջ տեսքը և խտությունը վերականգնելու համար: Կարող եք օգտագործել գերչակի ձեթը դիմակների տեսքով, կամ պարզապես մի քիչ գերչակի յուղ լցրեք ափերի մեջ և մազերին քսեք: Այս պարզ միջոցն օգտագործեք շաբաթական մեկ անգամ, և արդյունքն ի հայտ կգա մեկ ամսից:
Մածունով և գերչակի ձեթով դիմակ: Շատ ավելի լավ արդյունք կտա մազերին մածունով և գերչակի ձեթով դիմակը: Գոլորշու վրա տաքացրեք մեկ բաժակ մածունը և նրա մեջ կաթեցրեք 5 կաթիլ գերչակի յուղ: Ստացված խառնուրդը մերսող շարժումներով քսեք գլխամաշկին և մազերին: Գլուխը փաթաթեք պոլիէթիլենային գլխարկով և փաթաթեք սրբիչով: Կես ժամ հետո կարող եք լվանալ մազերը:
Մազաթափության համար: Մազաթափության դեմ պայքարելուն կօգնի այս պարզագույն դեղամիջոցը: Այն պատրաստելու համար 1 չափաբաժին գերչակի յուղին ավելացնում ենք 2 չափաբաժին օղի, խառնուրդով մերսում ենք մազերի արմատները: Արդյունքը երկար չի սպասեցնի:
Թարթիչների համար: Թարթիչների խնամքի լավագույն միջոցը գերչակի յուղն է:
Գերչակի յուղը՝ մաշկի համար: Գերչակի յուղի օգտագործումը մերսման հետ տալիս է ամենալավ արդյունքը: Ճաշի գդալը տաքացրեք գազի վրա: Այնուհետև գազն անջատեք և տաք գդալի մեջ լցրեք գերչակի յուղը: Տաք գերչակի յուղն ավելի լավ կներծծվի մաշկի մեջ: Իսկ ինչ վերաբերում է գերչակի յուղով դեմքի մաշկի մերսմանը, ապա այն հարմար է 30-ն անց կանանց համար, քանի որ շատ լավ վերացնում է կնճիռները:
Ձմռան դիմակ: Ձմռանը մեր մաշկը ցրտի նկատմամբ դառնում է անպաշտպան և կորցնում է իր գեղեցկությունը: Գերչակի դիմակը շատ լավ վերականգնում է մաշկի փափկությունը և առաձգականությունը: 1 ձվի դեղնուցի հետ խառնեք 10 կաթիլ գերչակի յուղը և ստացված դիմակը բարակ շերտով քսեք դեմքին: 15 րոպե անց կարող եք դիմակը լվանալ կանաչ թեյով կամ երիցուկի թուրմով:
Ձեռքերի և ոտքերի համար: Ձեռքերի և ոտքերի չոր մաշկի համար գերչակի յուղը հրաշալի միջոց է: Տաքացրած գերչակի յուղը քսեք ձեռքերին և ոտքերին, հագեք ձեռնոցներ ու կիսագուլպաներ: Առավոտյան արթնանալուց կտեսնեք, թե որքան փափուկ է դարձել մաշկը:
Գերչակի յուղը՝ որպես նիհարելու միջոց: Այսօր բազմաթիվ կանանց կարծիքով՝ գերչակի յուղը հիանալի նիհարելու միջոց է: Իսկ ինչի՞ հիման վրա են այս պնդումները: Գերչակի յուղն ինքնին Ձեզ չի նիհարեցնի, այն պարզապես հիանալի լուծողական է, որը մաքրում է աղիները, ինչն էլ կարևոր պայման է նիհարելու համար:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ