«Իրականում մենք մի փոքր գավառային կենցաղով ենք ապրում». Լիլիթ Պիպոյան

Ասում է երգչուհի, երաժիշտ Լիլիթ Պիպոյանը

– Լիլիթ, մի առիթով ասել եք, որ Հայաստանը տղամարդկանց երկիր է. շարունակո՞ւմ է այդպիսին մնալ։

– Այո, դեռ շարունակում է։ Մեր սերունդը փորձեց իրավիճակը փոխել, բայց չեմ կարող ասել, որ ինչ-որ բանի հասավ։ Իմ զավակների սերնդում շատ ակտիվ աղջիկներ կան, ովքեր ունեն սեփական կարծիք, մտածելու ունակություն, նրանք չեն ամաչում ինքնարտահայտվել, բայց Հայաստանը դեռ շարունակում է մնալ տղամարդկանց երկիր։ Բոլոր ղեկավար պաշտոնների 99.9 տոկոսը զբաղեցնում են տղամարդիկ։ Ցավոք սրտի, ես նկատում եմ, որ մեր տղամարդիկ կնամեծար չեն: Ինձ թվում է` այս առումով մենք գնալով վայրենանում ենք։

– Իսկ սրա արմատները որտեղի՞ց են գալիս։

Կարդացեք նաև

lilit1

– Չգիտեմ, երևի պատճառն ընդհանուր կյանքի մակարդակի անկումն է։ Այն հասարակության մեջ, որտեղ մարդիկ քիչ թե շատ ապահովված են, դառնում են մեղմ, հանդուրժող, հանգիստ, առատաձեռն։ Այսօր Հայաստանում տղամարդիկ կանանց նկատմամբ հաճախ կոպիտ են, տարեցների նկատմամբ` անտարբեր։

– Դուք նաև դասախոս եք, երիտասարդների մեջ առաջ գնալու, զարգանալու, ինքնակրթվելու ջիղը տեսնո՞ւմ եք։

– Այո, նկատում եմ։ Շատ լավ, կրթված երիտասարդներ ունենք, որոնց կողքին կան նաև մակերեսային, գիտելիքի նկատմամբ անտարբեր երիտասարդներ։

lilit5

lilit2

– Իսկ Երևանն ինչպիսի՞ն է Ձեր աչքերում։

– Ես երկար տարիներ շարունակ շրջագայել եմ, տարբեր երկրներում եմ եղել, բայց միշտ ցանկացել եմ հետ վերադառնալ։ Երբ մեծ քաղաքներից Երևան ես գալիս, տեսնում ես, թե ինչքան փոքր է մեր քաղաքը, կյանքի ռիթմն ինչքան դանդաղ է, պաղած, հատկապես վերջին տարիներին այն նմանվել է գյուղաքաղաքի: Պատուհանից դուրս եմ նայում և տեսնում, որ մեր բակն այդպես էլ չբարեկարգվեց։ Ես հասկանում եմ, որ իմ քաղաքը չի լինի աշխարհի մեծ քաղաքների նման, բայց նա իմն է, իմ հարազատ քաղաքը, ես այստեղ եմ ծնվել և չեմ կարող անտարբեր լինել նրա նկատմամբ: Ես սիրում եմ այն:

lilit6

lilit– Եթե անդրադառնանք քաղաքի արտաքին տեսքին…

– Երևանն իր բնավորությունն ունի։ Ինձ մեքենաների առատությունը, աղմուկը և փոշին են նեղություն պատճառում։ Ճարտարապետական և դիզայներական տեսանկյունից Երևանը ես մի փոքր կթեթևացնեի, կմաքրեի: Իր մասշտաբին, կենցաղին համապատասխան՝ Երևանը պետք է հանգիստ քաղաք լինի։ Եթե այս խնդիրները վերանան, այն կդառնա հարմարավետ, խաղաղ մի բնակավայր՝ տուրիստական կողմնորոշմամբ։ Իհարկե, պետք է ավելացնեմ, որ իմ սրտով էր այն արդյունաբերական, գիտական և մշակութային կենտրոնը, որպիսին Երևանն էր երեք տասնամյակ առաջ:

– Իսկ քաղաքի բնակիչների մեջ Ձեզ ի՞նչը դուր չի գալիս։

– Դուր չի գալիս այն, որ մարդիկ միմյանց շատ են զննում-քննում փողոցում և հասարակական վայրերում: Կարծում եմ՝ դա նրանից է, որ  մեր կենցաղն այնքան էլ քաղաքային չէ. իրականում մենք մի փոքր գավառային կենցաղով ենք ապրում։

– Առաջիկայում նախագահական ընտրություններ են։ Կա՞ մի գործիչ, որին նախագահի դերում տեսնում եք։

– Այո, կա: Եթե ընտրվի նա, մեր երկրում դրական փոփոխություններ տեղի կունենան։

Տեսանյութեր

Լրահոս