«Երբեք չպետք է բավարարվես, պիտի փորձես անել ավելին, քան անում էիր երեկ»
Ասում է դերասանուհի Արևիկ Գևորգյանը, ում շատերը հիշում են Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աննա» հեռուստասերիալից, որտեղ Արևիկը մարմնավորում էր դպրոցահասակ Լիզային։ Այժմ նա նկարահանվում է նույն հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալում` այս անգամ հանդես գալով կույր Արևիկի դերում։
Բայց մինչ սերիալներում նկարահանվելը` Արևիկը զբաղվել է մոդելինգով և արժանացել բազմաթիվ մրցանակների։
– Արևիկ, մասնագիտությամբ նկարիչ-մոդելավորող եք, միևնույն ժամանակ՝ զբաղվում եք մոդելային գործունեությամբ և նկարահանվում սերիալներում։ Ո՞ր աշխատանքն է Ձեզ առավել հոգեհարազատ։
– Ես նկարներով շրջապատված եմ մեծացել, հայրս և մայրս նկարիչներ են։ Դրա համար էլ, երևի, երկար չեմ մտածել մասնագիտությանս ընտրության հարցում, չափազանց երազկոտ էի, որ ընտրություն կատարեի։ Այդ իսկ պատճառով առանց երկար մտածելու ընտրեցի նկարիչ-մոդելավորող մասնագիտությունը։ Տարիների ընթացքում ինձ գտա մեկ ուրիշ մասնագիտության մեջ, եթե դա կարելի է համարել մասնագիտություն, ըստ իս՝ դա ապրելակերպ է։ Ավարտելով առաջին մասնագիտությունս` այժմ կրթությունս շարունակում եմ ռեժիսուրայի գծով, որն ինձ շատ հոգեհարազատ է։
– Կպատմե՞ք` ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք սերիալում։
– Սովորել եմ «Ատեքս» նորաձևության կենտրոնում, հետո մասնակցել բազմաթիվ քասթինգների, և գրեթե միշտ չէր հաջողվում դրական պատասխան ստանալ։ Հետո շատ պատահական գնացի «Աննա» հեռուստասերիալի քասթինգին և, ի զարմանս ինձ, մի քանի օրից նկարահանումները սկսվեցին։
– Սերիալներում տարբեր կերպարներ եք մարմնավորել։ Կերպարի մեջ մտնելու հարցում դժվարություններ եղե՞լ են։
– Իհարկե, սկզբում, երբ նոր ես փորձում ճանաչել կերպարը, առաջանում են հազար տարբեր հարցեր, հետո սցենարիստի և ռեժիսորի հետ միասնական աշխատանքը շտկում է ամեն ինչ։
– Այժմ կույր աղջկա կերպար եք մարմնավորում, դժվա՞ր է։
– Այո, հիմա մարմնավորում եմ կույր Արևիկի կերպարը, որին շատ սիրում եմ։ Իհարկե, դժվար է մարմնավորել մի աղջկա և ցույց տալ նրա ապրումները, երբ երբեք չես հանդիպել այդ խնդրին։ Փորձում եմ անկեղծ լինել թե՛ իմ, թե՛ հանդիսատեսի հետ։ Ամեն նկարահանումից հետո շնորհակալ եմ լինում Աստծուն, որ տեսնում եմ։
– Ինչպիսի՞ կերպարի դերում երբեք հանդես չեք գա։
– Դժվար է ասել, թե ինչ կերպարում երբեք հանդես չեմ գա։ Կարող եմ ասել, որ սիրում եմ կերպարներ, որոնք լիքն են ու հետաքրքիր։
– Այսօր շատ երիտասարդներ սերիալներ են դիտում։ Ի՞նչ եք կարծում` ի՞նչ են տալիս սերիալները նրանց։
– Չեմ կարծում, որ երիտասարդներին սերիալներն ինչ-որ բան կտան։ Առհասարակ դա հնուց եկած տնային տնտեսուհիների առօրյան լցնելու միջոց էր, իհարկե, այսօր լսարանը բավականին մեծ է` թե՛ դրական, և թե՛ բացասական կարծիքներով։
– Քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում։
– Քննադատություններին շատ առողջ եմ մոտենում, ինձանից մեծ քննադատի դեռ չեմ հանդիպել: Քննադատելն աճելու համար շատ կարևոր դեղահաբերից մեկն է։ Կարծում եմ` երբեք չպետք է բավարարվես, պիտի փորձես անել ավելին, քան անում էիր երեկ։
– Անդրադառնանք Ձեր մոդելային գործունեությանը։ Այս տարիների ընթացքում տարբեր մրցանակների եք արժանացել, չե՞ք ցանկանում այն դարձնել հիմնական մասնագիտություն։
– Ես աշխատում եմ Աշոտ Խաչատրյանի հետ, ում շնորհիվ մասնակցել եմ մրցույթների և արժանացել մրցանակների։ Ունեմ բազմաթիվ դրական հիշողություններ և միշտ ժպիտով եմ հիշում, բայց դա, ըստ իս, մասնագիտություն չէ, այլ հոբբի։
– Ընդհանրապես մոդելի կյանքը դժվարի՞ն է։
– Մարդկանց մոտ գոյություն ունի մի կարծրատիպ, ըստ որի` մոդելների կյանքը շատ հեշտ է։ Բնավ էլ այդպես չէ, դա ամենօրյա քրտնաջան աշխատանք է այն մարդու համար, որը ցանկանում է կայանալ թե՛ կազմվածքով, թե՛ ինտելեկտով։
– Գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու ցանկություն կա՞։
– Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու ցանկությունը մեծ է, այս տարվա երազանքներից և ցանկություններից մեկը պատմական գեղարվեստական ֆիլմում նկարահանվելն է: Սիրում եմ հին պատմական արժեքներ, շատ մոտ են ինձ այդ ժամանակների զգացմունքները և ապրումները: Շատ անկեղծ է եղել ամեն ինչ ու հարուստ; Կարող եմ շատ երկար խոսել այս թեմայի շուրջ, ցանկությունս շատ շատ մեծ է։
– Բազմաթիվ երկրպագուներ ունեք։ Հաճելի՞ է ճանաչված լինելը։ Երբևէ նեղվե՞լ եք դրանից։
– Սկզբնական շրջանում, իհարկե, չափից շատ ուշադրությունը վախեցնում է, հետո հաճելի է դառնում, բայց շատ սիրում եմ առանձնանալ. ժամանակ առ ժամանակ պետք է մենակ մնալ;
– Անձնական կյանքում փոփոխություններ կա՞ն։ Կպատմե՞ք տղամարդու Ձեր իդեալի մասին։
– Առհասարակ չեմ սիրում անձնականից խոսել, բայց կարծում եմ` յուրաքանչյուր աղջիկ ունի իդեալ, որը գալիս է մանկուց և ձևավորվում արդեն հասուն տարիքում։ Ես գնահատում եմ այն տղամարդուն, որի կողքին քեզ միշտ ապահով կզգաս, ում հետ քեզ միշտ հետաքրքիր կլինի և կարող ես ամեն հարցով վստահել նրան։ Իմ իդեալ համարում եմ նաև այն մարդուն, որն ինձ կսիրի և կընդունի այնպիսին, ինչպիսին ես կամ։