Պարույր + Րաֆֆի + Բագրատյան = ?
Այսօր ԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հանդես է եկել ընդդիմադիր թեկնածուներին ուղղված առաջարկով` փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում հանդես գալ «միասնաբար»: Հայրիկյանը, սակայն, չի մասնավորեցրել, թե հատկապես ում է տեսնում միասնական թեկնածուի դերում` իրե՞ն, Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն, Հրանտ Բագրատյանի՞ն, թե՞ Անդրիաս Ղուկասյանին:
Այդուհանդերձ, Պարույր Հայրիկյանը համոզված է, որ դա ստեղծված իրավիճակում միակ հնարավորությունն է իշխանության թեկնածուին հաղթելու համար: Նա ասում է, որ, եթե մյուս թեկնածուներն ընդունեն իր առաջարկը, «տեխնիկապես» դա իրագործելի է՝ անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրությունների քվեաթերթիկներն արդեն տպագրված են: Նորից կտպեն, ասում է Հայրիկյանը` որպես դրա լուծում առաջարկելով՝ ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու հայցով Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը, որն ինքն ունի մինչև փետրվարի 10-ի ժամը 15:30-ը:
Պարույր Հայրիկյանի առաջարկի մեջ, իհարկե, ռացիոնալ հատիկ կա: Ավելին` գուցե դա իսկապես միակ հնարավորությունն է՝ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` անխուսափելի համարվող վերընտրությունը կանխելու համար: Այդ մասին, ի դեպ, մամուլը, փորձագիտական շրջանակները նշում էին վաղուց, մինչև Հայրիկյանի դեմ մահափորձը:
Ռացիոնալ լինելով հանդերձ, Հայրիկյանի առաջարկն իռացիոնալ է գործողության վերածվելու տեսանկյունից: Ավելի պարզ ասած. եթե Պարույր Հայրիկյանն իսկապես ցանկանում է իրագործել այդ սցենարը, նա իր առաջարկն անելիս պետք է հայտարարեր նաև, որ այդ պահից սկսած՝ անձամբ պատրաստ է հանել իր թեկնածությունը՝ հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Հրանտ Բագրատյանի: Դա անելով` Հայրիկյանը կարող էր նաև ուղղորդել մյուներին: Այլ կերպ ասած, կարող էր ինքնաբացարկ հայտնել՝ հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի` կոչ անելով նույնն անել Հրանտ Բագրատյանին ևս: Կամ՝ հակառակը:
Մինչդեռ Հայրիկյանի առաջարկ-կոչն անորոշ է այնքան, որ դրա միակ որոշակի եզրահանգումն այն է, որ նա իրեն է տեսնում միասնական թեկնածուի դերում:
Ե՛վ Պարույր Հայրիկյանը, և՛ Հրանտ Բագրատյանը, և՛ Րաֆֆի Հովհաննիյանն ունեն իրենց ինչպես՝ դրական, այնպես էլ՝ բացասական կողմերը: Բայց ստեղծված իրավիճակում երեք թեկնածուներից, գոնե առերևույթ, ավելի շահեկան դիրքում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անկախ նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքից, քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ Րաֆֆին կարողացել է ձեռքսեղմումներով և այլ նմանատիպ քայլերով որոշակիորեն ավելի մեծ աշխուժություն առաջացնել հասարակության շրջանում: Դա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի ուժեղ թեկնածու է կամ ավելի նախընտրելի գործիչ` որպես ապագա նախագահ: Եթե ընդունում ենք, որ հասարակության զգալի հատվածն ընտրություններում առաջնորդվում է (էր) ընտրակաշառքով, ապա Րաֆֆիի ձեռքսեղմումներին ու ժպտացող դեմքին հավատալը դրա համեմատ այնքան էլ սարսափելի չէ:
Կմիանա՞ Բագրատյանը Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու՝ Հայրիկյանի կոչին, թե՞ ոչ, այլ հարց է: Բայց, կրկնում ենք, եթե Պարույր Հայրիկյանն անկեղծ է իր մղումներում, պարտավոր է հայտարարել առաջինը սեփական թեկնածությունը հանելու պատրաստակամության մասին: Այլապես՝ նրա այս առաջարկը մահափորձից հետո տեղի ունեցած իրադարձությունների շարքից է:
Տեսականորեն Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Հրանտ Բագրատյանի շուրջ ընդդիմադիր թեկնածուների համախմբումը կարող է զգալիորեն փոխել ընտրությունների ընթացքը` ընդհուպ իշխանությանը պարտադրելով երկրորդ փուլ անցկացնել: Անգամ պարտության դեպքում, սակայն, ընտրություններին միասնաբար մասնակցելը կարող է որոշակի զարգացումների սկիզբ դառնալ հետընտրական շրջանում: Այլ կերպ ասած, Հայրիկյանը, Բագրատյանը և Րաֆֆին կարող են նոր ընդդիմադիր բևեռ ձևավորելու փորձ անել: