Բաժիններ՝

Լուսինե Սահակյան. «Ակնհայտ է, որ բռնություններ եղել են»

Գյումրիի նախկին քաղաքապետի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի նկատմամբ ոստիկանության Գյումրիի բաժնում, ապա նաև ձերբակալվածների պահման վայրում բռնություն է գործադրվել: Այս մասին ամբաստանյալի հոր հայտարարությունը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հ.Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: «Ակնհայտ է, որ բռնություններ եղել են: Հարություն Սարգսյանը տվել է բացատրություններ, որում մանրամասն նշել է, թե ինչ պայմաններում, և ում կողմից է իր նկատմամբ բռնություն կատարվել: Ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ժամանակ ՁՊՎ-ն պարտավոր էր արձանագրել նրա վրա առկա մարմնական վնասվածքները, ինչը չէր կատարել և մենք ունենք համապատասխան փաստեր, որ ՁՊՎ-ում նույնպես նրա նկատմամբ բռնություն է կատարվել»,- ասաց պաշտպանը:

Ամբաստանյալի մարմնի վրա բազմաթիվ վնասվածքների առկայության փաստով պաշտպանական կողմը ժամանակին պահանջել էր դատաբժշկական փորձաքննություն նշանակել, ինչի արդյունքում փորձագետը փաստել էր, որ կան բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Պաշտպանը հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայության կողմից սկսվել են նախապատրաստել նյութեր և չնայած որ ՀՔԾ-ն պարտավոր է տեղեկացնել գործի ընթացքի մասին, մինչև օրս դրա մասին կողմը որևէ տեղեկություն չունի: Մոտակա ժամանակում տեղեկություն չստանալու դեպքում կողմն ինքը կդիմի ՀՔԾ-ին՝ հասկանալու, թե դրա հետ կապված ինչ գործողություններ պետք է կատարել: «Մենք գիտենք այն անձանց անունները, ովքեր բռնություն են գործադրել մեր պաշտպանյալի նկատմամբ, դրանք բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ են և մեր համար ակնհայտ է, որ արդյունավետ քննություն չի իրականացվելու և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվելու»,- ասաց Լ.Սահակյանը: Նա չբացառեց, որ այս գործը կլինի հերթական գործը, որի վերաբերյալ գանգատ կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու հեռանկարը «սարերի հետևում չէ» նաև Հ.Սարգսյանի խափանման միջոցի հարցով: Պաշտպանական կողմը դատական նիստում միջնորդել էր անհապաղ ազատ արձակել Հ.Սարգսյանին՝ նկատի ունենալով, որ լրացել է նրան կալանքի տակ պահելու ժամկետը, և այն չէր երկարացվել: Սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, որոշման պատճառաբանական մասում, ի զարմանս կողմի, նշվել էր, որ «խափանման միջոցը վերացնելու, փոփոխելու հիմքեր չկան»՝ թեև խոսքն անհապաղ ազատ արձակելու մասին էր: «Դա վկայում է, որ դատարանն ամենևին էլ մեր միջնորդության էությունը չէր ընկալել»,- ասաց պաշտպանը՝ հայտարարելով, որ այս որոշումն անպայման բողոքարկվելու է վերադաս դատական ատյաններ, իսկ բողոքարկման ներպետական հնարավորությունները սպառելուց հետո՝ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ անձի ազատության իրավունքի, խախտման հիմքով:

Լ.Սահակյանը նշեց նաև, որ խախտումները սույն գործով բազմաթիվ են, սակայն զուտ պաշտպանական մարտավարությունից ելնելով այս փուլում նպատակահարմար չի գտնում դրանց մասին խոսել, «հետագայում այդ մասին ևս կտեղեկացնենք»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 1983թ. ծնված Հարություն Սարգսյանը, ով համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին, ցանկացել է ամուսնանալ նրա հետ, սակայն աղջկա հարազատների կողմից մերժվել է: 2012թ. մարտի վերջերին՝ տեղեկանալով, որ Մանյա Ղուկասյանը 2012թ. ապրիլի 12-ին նշանադրվելու է Կարեն Եսայանի հետ՝ Հ. Սարգսյանն, ըստ մեղադրանքի, «խանդի հողի վրա, նրանց նշանադրությունը խափանելու, միաժամանակ աղջկա հորից վրեժխնդիր լինելու նպատակով, պլանավորել և սպանել է Կարեն Եսայանին»:

Հ. Սարգսյանը մեղադրվում է նաև 2011թ. ընթացքում առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մեջ` 2010-2011թ.թ. ընթացքում տարբեր անձանց անուններով ՀՀ տարածք է ներմուծել 4.897.588 ՀՀ դրամ մաքսային արժեքով թվով երեք ավտոմեքենա, դրանք 10.625.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրացրել է տարբեր անձանց, որի արդյունքում ստացված համախառն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 768.194 ՀՀ դրամի զգալի վնաս` եկամտահարկ` 471.904 ՀՀ դրամ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճար` 296.290 ՀՀ դրամ:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս