Բաժիններ՝

Մարդկանց և ինստիտուտների որակը. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի գլխավոր «ուղերձը» ՀԱԿ-ի հիման վրա նոր կուսակցություն ստեղծելու նախագիծն էր, դրա մասին դատողություններ անելը բավականին դժվար է։ Եթե, ինչպես պնդում են ՀԱԿ-ի աոավել հայտնի կուսակցությունների ղեկավարները, ՀՀՇ-ն մնում է ՀՀՇ, իսկ ՀԺԿ-ն՝ ՀԺԿ, ապա ինչո՞վ է տվյալ կառուցվածքը տարբերվելու ՀԱԿ-ի ներկայիս կարգավիճակից։

Այսինքն՝ այդ դեպքում Կոնգրեսը պահպանվելու է որպես գոնե ձևականորեն ինքնուրույն կուսակցությունների միավորում։ Իսկ եթե ստեղծվելու է մի նոր կուսակցություն, որի մեջ մնացած կուսակցությունները՝ լուծարվելով, ձուլվելու են, ապա դա, շատ հնարավոր է, կհանդիպի ՀՀՇ-ի և Դեմիրճյանի դիմադրությանը։ Մնացած միավորների մասին չեմ խոսում, որովհետև Կոնգրեսից դուրս չեկած այլ կուսակցություններն ու գործիչները հասարակության մեջ զգալի դերակատարություն չունեն։

Բայց ՀԱԿ-ի՝ կուսակցություն դառնալ-չդառնալը երկրորդական հարց է՝ այն խնդիրների հետ համեմատած, որոնք աոաջին նախագահը բարձրացրել է իր հարցազրույցի հիմնական մասում։ Եվ այստեղ Տեր-Պետրոսյանի արձանագրումները միանգամայն ճիշտ են։ Եթե արտագաղթի տեմպերը պահպանվեն և մանավանդ՝ եթե, ինչպես ենթադրում է աոաջին նախագահը, կրկնապատկվեն, ապա 10-20 տարի հետո մենք որպես անկախ պետություն կվերանանք, և այդ դեպքում չարյաց փոքրագույնը կլինի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու փորձված սցենարը՝ բնաջնջման վտանգից խուսափելու համար։

Հնարավոր են նաև ավելի ողբերգական սցենարներ։ Սա Տեր-Պետրոսյանի կողմից նույնիսկ քաղաքական հայտարարություն չէ, սա գիտական, կասեի նույնիսկ՝ մաթեմատիկական ճշմարտություն է։ Ճիշտ է նաև, որ արտագաղթի հիմնական պատճառը պետական ինստիտուտների որակն է։ Մեզ նման երկրներում այս հաստատությունները «ծրագրավորված» են կողոպուտի, իշխանավորների հարստացման վրա։ Եվ այդ առումով, ի դեպ, մեր մշակութային համագործակցությունը Գվատեմալայի հետ այնքան էլ ֆանտաստիկ չի թվում։ Վերջապես, ճիշտ է նաև, որ Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ Արևմուտքը հստակ ռազմավարություն չունի։

Բայց այսքանից հետո հարցեր են առաջանում։ Ինչո՞ւ մենք՝ անշահախնդիր ու կրթված մարդիկ լինելով՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ 90-ականներին ստեղծեցինք հենց այդ որակի պետական ինստիտուտներ։

Ասում եմ՝ «մենք», որպեսզի պարզ լինի, որ դա փաստի արձանագրում է, ոչ թե ինչ-որ մեկի հասցեին ուղղված մեղադրանք։ (Չնայած հենց այս փաստն է, որ աոաջին նախագահի ֆանատները չեն ընդունում): Ինչո՞ւ Աոաջին հանրապետության հիմնադիրները նույնպես ստեղծել էին ճիշտ այդպիսի պետական հաստատություններ, ինչը և բերեց Ռուսաստանին «հանձնվելու» վերը նկարագրված հանգուցալուծմանը։

Հայրենասեր և ազնիվ մարդի՞կ չէին։ Ավելին՝ ինչո՞ւ նույն մեր «հարազատ» Գվատեմալայում, Հաիթիում և այլուր, որտեղ գործում են նույն տեսակի պետական ինստիտուտներ, և որտեղ Արևմուտքը, հստակ ռազմավարություն ունենալով, պարբերաբար հեղաշրջումներ է իրականացնում՝ բերելով «լավ տղաներին», հիշյալ ինստիտուտները չեն փոխում իրենց որակը։ Կարելի՞ է արդյոք այստեղից եզրակացնել, որ ինստիտուտների որակը պայմանավորված չէ անձերի որակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս