
Թուրքիայում այսուհետ քաղաքական միջոցառումները կարող են անցկացվել յուրաքանչյուր լեզվով

МК-Турция-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել քաղաքական կուսակցությունների մասին այն դրույթը, որով արգելվում էր թուրքերենից բացի այլ լեզվով կուսակցական միջոցառումների անցկացումը:
Դրանով իսկ կուսակցական կոնգրեսները, հանդիպումները և հանրահավաքները կարող են անցկացվել դրանց մասնակիցների համար հարմար լեզվով: Բացի այդ, թույլատրված է յուրաքանչյուր լեզվով պլակատների օգտագործումը: Այս դրույթի չեղյալ հայտարարմամբ փակվելու են դրա շրջանակներում հարուցված դատական բոլոր գործերը:
Սա առաջին հերթին շատ լավ նորություն է քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) համար: Վերջինիս անդամներին 2011 թվականի հունվարին մեղադրել էին Վանում քրդերենով ելույթ ունենալու մեջ: Նրանց բողոքներից հետո Թուրքիայի Սահմանադրական դատարանը 2012 թվականի հուլիսին վերացրել էր տվյալ դրույթը, ինչը հուլիսի 5-ին հրապարակվել էր «Պաշտոնաթերթում» և պետք է ուժի մեջ մտներ կես տարի անց:
Այդ ժամկետը լրացել է երեքշաբթի, և այսուհետ թուրքական կուսակցությունները կարող են ազատորեն օգտագործել իրենց համար հարմար լեզուն:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Թուրքիայում վերացվել էր դատարաններում մայրենի լեզվով պաշտպանվելու արգելքը: