Իսրայելի միակ հույսն Էրդողանի գնալն է. Haaretz

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի այն նախաձեռնությանը, որն առնչվում է Իսրայելի հետ այդ կառույցի համագործակցությանը:

Էրդողանը հավելել է, որ իրենց համար անհնար է թվում այն, որ իրենք, հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ, կարող են ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Իսրայելի հետ:

Միևնույն ժամանակ իսրայելական «Հաարեց» թերթն անդրադարձել է Սիրիային Իսրայելի հասցրած հարվածի կապակցությամբ Էրդողանի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի կոշտ հայտարարություններին, որոնցում դատապարտվում էր մուսուլմանական երկրին Իսրայելի կողմից հարված հասցնելը և ընդգծվում, որ Թուրքիան չի հանդուրժի դա:

Իսրայելական թերթը գտնում է, որ Էրդողանի կառավարության ժամանակաշրջանում թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումն անհնար է, ինչի համար էլ միակ հույսը մնում է Էրդողանի կառավարության հեռացումը:

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները կտրուկ վատթարացում ապրեցին 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպից հետո, երբ իսրայելցի հատուկջոկատայիններն այդ նավում սպանեցին Թուրքիայի 9 քաղաքացիների:

Այդ միջադեպից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանն Իսրայելին մեղադրել էր «ծովահենության» մեջ, իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այդ միջադեպը որակել էր որպես «թուրքական սեպտեմբերի 11»՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից:

«Մավի Մարմարայի» միջադեպից հետո Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար այդ երկրին ներկայացրել է երեք նախապայման. ներողության խնդրում, փոխհատուցման վճարում և Գազայի հատվածի շրջափակման վերացում: Ի պատասխան Իսրայելի փոխվարչապետ Մոշե Այալոնը հայտարարել է, որ եթե իրենք ներողություն խնդրեն, ապա դրանից հետո Էրդողանը կդառնա Կենտրոնական Արևելքի առաջնորդը, և որ անգամ դրանից հետո հանգիստ չի թողնի Իսրայելին:

 

Տեսանյութեր

Լրահոս