
Դեդ Հասանի համակիրներն Ադրբեջանի նախագահական ընտրությունների շեմին սադրանքներ են պատրաստել. Salam News

Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) համակիրներն Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին սադրանքներ են պատրաստել երկրի ողջ տարածքով մեկ, այդ թվում նաև բանտերում:
Այս մասին գործակալությանը հայտնել է քրեական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրը, ով չի ցանկացել հայտնել իր անունը: Աղբյուրն ընդգծել է. «Մենք տեղյակ չենք, թե որքանով է Դեդ Հասանի մահը խափանել այդ սադրիչ պլանները: Սակայն դրա իրագործմանը լծված են այնպիսի «օրենքով գողեր», ինչպիսիք են Վագիֆը, Յունուսը, Գոջան:
Ադրբեջանում ազատազրկման մեջ գտնվող նախկին «օրենքով գող» Նադիր Սալիֆովի («Գուլու» մականվամբ) կարգավիճակը վերականգնել է հենց Դեդ Հասանը: Ներկայումս «Գուլուն» և նրան մոտ կանգնած անձինք զինել են ավելի քան 100 մարդու Գարաչուհուր ավանում և այլուր: Նրանց տրվել է TT տիպի ատրճանակներ:
«Գուլուն» և նրան մոտ կանգնածները բաց կերպ հայտարարել են որ իրենք զինելու են մինչև 10.000 մարդու: Այդ սադրանքներն արդեն իսկ քրեական աշխահի քաշքշուկ չեն, իրականում դրանք արդեն իսկ կրում են քաղաքական բնույթ: Հենց այդ պատճառով էլ այդ բոլոր սադրանքները նշանակված են նախագահական ընտրությունների նախաշեմին:
Այդ պլանները կազմում են մի շարք երկրների կողմից Ադրբեջանի դեմ կիրառվող քաղաքականության մաս: Պատահական չէ, որ հակաադրբեջանական կազմակերպությունների ու միավորումների ստեղծումը և այդ իրադարձությունները տեղի են ունենում միևնույն ժամանակ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հոկտեմբերի 16-ին: