Չտխրե´ս
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը, բարեբախտաբար, ձախողվեց։ Իսկ դրան հաջորդած իրադարձություններն արդեն սկսեցին ընթանալ Գեորգի Դանելիայի «Չտխրե´ս» («Не горюй») ֆիլմի սցենարով։
Ֆիլմի հերոսի՝ Բենժամինի ավագ ընկերը՝ Լևանը, խնջույքի ժամանակ ցանկություն է հայտնում կենդանության օրոք լսել այն, ինչ իր մասին ասելու են մահից հետո։ Եվ սեղանակիցները կենացների փոխարեն հանդես են գալիս դամբանականներով։ Հասկանալի է, թվարկում են Լևանի առավելությունները, հիշողություններ պատմում նրա մասին։ Սակայն կյանքն ունի իր օրենքները։ Կարճ ժամանակ անց սեղանակիցները մոռանում են Լևանին, նրա ցանկությունը, և մահախոսականները կամաց-կամաց փոխարինվում են ուրախ պատմություններով։ Նախ՝ մեկն է վախվորած ծիծաղում։ Հետո՝ մյուսը։ Մի խոսքով, սկսվում է վրացական խնջույքը։ Ուրախությունն ու տխրությունը, կյանքն ու մահն այնքան են խառնվում իրար, որ ստիպում են մտորել՝ ունի՞ իմաստ լրջորեն մտածել կյանքի մասին կամ վախենալ մահից։ «Գուցե այս ամենը չի՞ եղել,- հարցնում է ձայնը՝ ֆիլմի սկզբում, և ինքն էլ պատասխանում,- Չէ, այնուամենայնիվ, եղել է»։
Մահափորձից անմիջապես հետո Պարույր Հայրիկյանի առաջին խոսքերը ևս, ըստ նրա դստեր, եղել են. «Երա՞զ է, թե՞ իրականություն»։ Երազ չէր, այնուամենայնիվ, իրականություն էր։ Թեև մահափորձից հետո դեպքերը սկսեցին զարգանալ՝ ինչպես երազում։
Առաջին րոպեներին, երբ դեռևս անհայտ էր՝ վտանգ սպառնո՞ւմ է պարոն Հայրիկյանի կյանքին, թե՞ ոչ, դեպի հիվանդանոց ձգվեց ՀՀԿ էլիտան։ Կուսակցությունում պարզապես վստահ են՝ եթե արնաքամ եղած, հրաշքով մահից փրկված մարդու մոտ, դեպքից անմիջապես հետո և միմյանց հերթ չտալով, մտնում են բարձրաստիճան ՀՀԿ-ականները, զրուցում, լուսանկարվում, ինքնաբերաբար հայտնվում են կասկածյալների ցանկից դուրս։ Հակառակ դեպքում, եթե նախևառաջ մտահոգ էին հիվանդի առողջությամբ, կուսակցական ու պետական գործիչներն անձամբ կտեղեկանային բժիշկներից հիվանդի վիճակի մասին՝ առանց նրան անհանգստացնելու։
Մահափորձից հետո բոլորը հանկարծ նկատեցին, թե որքան են սիրում Պարույր Հայրիկյանին։ Սկսեցին կրկնել այն, ինչ այնքան հաճախ կրկնում էր ինքը՝ Պարույր Հայրիկյանը, իսկ բոլորը կա°մ ներողամտաբար ժպտում էին, կա°մ ձևացնում, թե չեն լսում. «Հայրիկյանն է անկախության խորհրդանիշը»։ Անգամ վերլուծաբան Իգոր Մուրադյանը, ով արտահայտվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, անդրադառնալով մահափորձի աշխարհաքաղաքական հետևանքներին, այդուհանդերձ նշեց. «Պարույր Հայրիկյանն ազգային անկախության խորհրդանիշ է։ (…) …Առանց Հայրիկյանի՝ մեր երկիրն ու մեր գաղափարները կորբանան»։
Հնչեցին կարծիքներ, որ պարոն Հայրիկյանի դեմ կատարած մահափորձը կրակոց էր՝ ուղղված մեր պետականության հիմքերի խարխլմանը, մեր անկախությանը։ Հատկապես իշխանությունը ծանր տարավ հարվածը. այստեղ վստահ են, որ մարդասպանը հնաոճ նագանն ուղղել էր ոչ այնքան Պարույր Հայրիկյանի դեմ, որքան իշխանությունների։ ՀՀ ԱԺ նախագահն ուղղակի ասաց. «Սա ուղղված է իշխանությունների դեմ»։
Նախագահի թեկնածուներից Արամ Հարությունյանը կոչ արեց մյուս բոլոր թեկնածուներին՝ դուրս գալ նախընտրական պայքարից՝ դեմ առ դեմ թողնելով Սերժ Սարգսյանին և Պարույր Հայրիկյանին։ Ինչպեսև սպասվում էր, թեկնածուներից ոչ ոք կոչը լուրջ չընդունեց։ Սակայն արժանին պետք է մատուցել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին, քանի որ ամենածայրահեղ իրավիճակներում օրիգինալ լինել հաջողվում է հատկապես նրան։ (Ի դեպ, պարոն Ադիբեկյանն առաջիններից մեկն էր, ում հասարակությունն «ընդգրկեց» մահափորձի հնարավոր պատվիրատուների երկար ցանկում)։
Չմանրամասնելով, թե հատկապես գործունեության ո°ր ոլորտի համար է առավել անհրաժեշտ նախագահի թեկնածուի սեքսուալ գրավչությունը, սոցիոլոգն ուշադրությունը սևեռել էր նաև թեկնածուների սեքսուալությանը և նկատել, թե նրանցից ոչ մեկը, և հատկապես՝ Պարույր Հայրիկյանը, սեքսուալ չեն։ Դրան, ի պատասխան, պարոն Հայրիկյանը խոստացել էր պոկել Ահարոն Ադիբեկյանի գլուխը։ Եթե, իհարկե, վերջինս՝ որպես եզրակացության աղբյուր, օգտագործել է ոչ թե իր սեփական, այլ Հայրիկյանի տիկնոջ կարծիքը։ Սակայն Ահարոն Ադիբեկյանի գլուխը տեղում է։ Եվ դրա վկայությունը նրա՝ մահափորձի հնարավոր դրդապատճառների մասին թարմ դատողությունն է։ Ըստ այդմ՝ Պարույր Հայրիկյանն ունեցել է «բուռն անցյալ», և բացառված չէ, որ մահափորձի հիմքում խանդն է։ Ինքը՝ Պարույր Հայրիկյանը, մահափորձի ետևում տեսնում է «ռուսական իմպերիալիզմի» հետքերը։
Ժամանակակից աշխարհն անողոք է. այստեղ ամեն ինչ արագ մոռանում են, որովհետև ամեն օրն իր հետ բերում է նոր հարցեր, նոր իրադարձություններ, նոր զոհեր…
Հոկտեմբերի 27, Մարտի 1, դրանց նախորդած ու հաջորդած քաղաքական և ոչ մի սպանություն կամ ՙինքնասպանություն՚ մեր իրավապահները չեն բացահայտել։ Այսինքն՝ կան հիմքեր՝ պնդելու, թե չի բացահայտվի նաև Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի պատվիրատուն կամ կատարողը։ Գուցե քաղաքական հասունության պակասն է զգացնել տալիս, սակայն Ռուսաստանի կամ Արևմուտքի գաղտնի ծառայությունների մասին դատողություններն այս դեպքում դժվար է պատկերացնելը։ Միակ եզրակացությունը սա է. որքան լավ է, որ Պարույր Հայրիկյանին, թող որ թանկ գնով, սակայն վերջապես հաջողվեց լսել այն, ինչ այնքան վաղուց պնդում էր. «Հայրիկյանն անկախության սիմվոլն է»։ Իսկ այդ մտքի առաջ անզոր են անգամ փամփուշտները…