Բաժիններ՝

Հարավային Կովկասում ռուսական կողմնորոշումը կամ ադրբեջանական ցայտնոտը

Վերջին ժամանակահատվածում Մերձավոր Արևելքում և Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները Ռուսաստանին, կարծես, ստիպեցին, գոնե Հարավային Կովկասում, ընտրություն կատարել գլխավոր ռազմաքաղաքական դաշնակցի հարցում։

Հունվարի 28-30-ը Հայաստան կատարած երկու՝ ՀԱՊԿ և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունների այցերը և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները ցույց տվեցին, որ այդ ընտրությունը, կարծես, կանգնել է Հայաստանի վրա։

Ակնհայտ է, որ չնայած վրացական նոր իշխանությունների կողմից Ռուսաստանին ուղղված որոշակի քաղաքական «ռևերանսներին», այնուամենայնիվ, ռուս-վրացական հարաբերություններում դեռևս գերակայող է անորոշությունը և անկանխատեսելիությունը։ Բավականին դրամատիկ զարգացումներ գրանցվեցին ռուս-ադրբեջանական հարաբերություններում, հատկապես Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Այդ զարգացումներն ավելի ակնհայտ դարձան, հատկապես, Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Ադրբեջանը և Ռուսաստանը 2012 թ.-ին բանակցություններ էին վարում Գաբալայում, դեռևս ԽՍՀՄ տարիներից տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար։ Սակայն, բանակցություններում Ադրբեջանի չպատճառաբանված պահանջները հանգեցրին նրան, որ Ռուսաստանը 2012թ.-ի դեկտեմբերի 10-ից դադարեցրեց Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը։ Այս գործընթացներից հետո շատ վերլուծաբաններ, այդ թվում՝ նաև ադրբեջանական, սկսեցին խոսել ռուս-ադրբեջանական հարաբերություններում նոր լարվածության մասին։

Ինչո՞ւ է անհանգստացած Ադրբեջանը

Ստեղծված իրավիճակում բավականին հետաքրքրական էին հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր զարգացումները։ Արդեն 2013 թ.-ի հունվարի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի կառավարությանը հանձնարարեց Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության խորացման շուրջ բանակցություններ սկսել։ Մինչ այդ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ ավարտվել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին նոր համաձայնագրի մշակումը, որը հնարավորություն կտա երկու երկրների ռազմաարդյունաբերական ձեռնարկություններին՝ ուղիղ կապի մեջ մտնել և խորացնել համագործակցությունը։ Ընդ որում, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը, որը, անշուշտ, ունի իր քաղաքական բաղադրիչը, զարգանում է երկու՝ բուն հայ-ռուսական և Հայաստան-ՀԱՊԿ մակարդակներով։ Այս գործընթացների համատեքստում արդեն հունվարի 28-ին համաժամանակյա Հայաստան այցելեցին Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած ՀԱՊԿ և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի գլխավորած պատվիրակությունները, որը, անշուշտ, նաև նախընտրական ժամանակահատվածում Ռուսաստանի կողմից Սերժ Սարգսյանին աջակցություն հայտնելու ժեստ էր։

Հետաքրքրական է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը և զուգահեռ ընթացող հայ-ռուսական ռազմատեխնիկական ոլորտի նոր հարաբերությունները բավականին ուշագրավ արձագանք գտան նաև ռուսական մամուլում։ Մասնավորապես, մինչ այդ պրոհայկական դիրքորոշմամբ աչքի չընկնող ռուսական «Независимая газета»-ն անդրադարձել է դեռևս 2012թ. փետրվարի 9-ին Երևանում ՀՀ և ՌԴ ԱԱԽ քարտուղարների կողմից ստորագրված հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին հուշագրին, համաձայն որի՝ Հայաստանը ՌԴ-ի օգնությամբ պետք է իր տարածքում կազմակերպի որոշ զինատեսակների արտադրություն։ Այս և ՌԴ նախագահի կողմից առաջարկված հայ-ռուսական ռազմատեխնիկական նոր համաձայնագրի համատեքստում ռուսական թերթը ներկայացրել է «Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» տնօրեն Ռուսլան Պուխովի մեկնաբանությունը, որում նա մասնավորապես նշում է, որ մինչև վերջին ժամանակներս այնպիսի տարօրինակ տպավորություն էր, որ մեր դաշնակիցը Հայաստանն է, իսկ մենք զենք ենք մատակարարում Ադրբեջանին։ Այժմ ցանկանում եմ հուսալ, որ պայմանագրի օգնությամբ այդ սխալը կուղղվի։ Պուխովը նաև նշել է, որ Ադրբեջանը ոչ միշտ է բարեկամական քաղաքականություն վարում Ռուսաստանի հետ։ Ըստ նրա՝ ակտիվացնելով հարաբերությունները Հայաստանի հետ՝ Ռուսաստանը պաշտպանում է իր շահերը Հարավային Կովկասում։ Այս առումով կոնկրետ քայլերը երկար սպասեցնել չտվեցին։

Արդեն հունվարի 29-ին, Երևանում ՀԱՊԿ և ՀՀ-ՌԴ երկկողմ շրջանակներում ստորագրված փաստաթղթերը, ձեռք բերված պայմանավորվածությունները և քաղաքական հայտարարությունները ադրբեջանական կողմի համար ջղաձգումների նոր առիթ դարձան։ Ակնհայտ է, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական նոր համագործակցության գործընթացները տեղի են ունենում ոչ միայն ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման ֆոնին, այլև Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ։ Մասնավորապես, ուշագրավ է հունվարի 29-ին Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիա հիմնելու մասին հուշագրի ստորագրումից հետո Նիկոլայ Բորդյուժայի՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի օդանավակայան թռչող հայկական քաղաքացիական ինքնաթիռների կործանման հետ կապված հայտարարությունը։ Բորդյուժան նշել է, որ լուրջ չի վերաբերվում Ադրբեջանի կառավարության որոշմանը, և, որ դա կամ մտքերի ոչ ճիշտ ձևակերպում է, կամ էլ ոչ հաջող կատակ։ Բորդյուժայի ուղղակի և, ինչ որ առումով, սարկաստիկ պատասխանն ադրբեջանական նոր հիստերիայի պատճառ հանդիսացավ։ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն Բորդյուժային մեղադրեց կողմնակալության և բացահայտ պրոհայկական դիրքորոշում ունենալու մեջ, իսկ այդ երկրի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը համարեց կոպիտ կատակ։ Ադրբեջանական հիստերիային ի պատասխան՝ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը խորհուրդ տվեց ադրբեջանցիներին՝ չխցկվել այնտեղ, որտեղ իրենց չեն սպասում։

Զարգացումների այս ամբողջ համալիրը վկայում է, որ ռուսական կողմի մոտ Հարավային Կովկասում հիմնական ռազմաքաղաքական դաշնակցի հարցում, կարծես, որոշում կայացված է։ Այս տեսանկյունից հետաքրքրական է նաև ՀԱՊԿ և ՌԴ ՊՆ պատվիրակությունների՝ Հայաստան կատարած այցից հետո նույն «Независимая газета»-ում տեղ գտած հոդվածը, որում Անդրկովկասում ռուսական զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը նշել է, որ Ռուսաստանը վերջապես դեմքով է շրջվում Հարավային Կովկասում իր գլխավոր և ռազմավարական դաշնակից Հայաստանին։ Նրա (Հայաստանի) ռազմական կարողության ամրապնդումը տարածաշրջանում կայունության ամրապնդման երաշխիք է։ Դա զսպող գործոն է Ադրբեջանի համար, որը ձգտում է ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։

Էդգար Առաքելյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս