Սերժ Սարգսյանը չի մեկնաբանում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները
ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը չի մեկնաբանել իր նախորդի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները։ Ռուսական «Օգոնյոկ» ամսագրի հետ զրույցում Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե իր կարծիքով՝ ի՞նչ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը, ով, բացատրելով նախագահի պաշտոնի համար պայքարում ինքն իրեն չտեսնելը, հարցազրույցներից մեկում ասել էր, որ «քաղաքական փոխզիջման փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի», և «քաղաքական մրցակցությունն ընտրություններից առաջ մի տեսակ տիկնիկային է դարձել», ասել է. «Բնականաբար, չեմ մեկնաբանի տարատեսակ քաղաքական հայտարարությունները, որոնք հնչել են այս օրերին, քանի որ դրանք արվում են սեփական շահերից ելնելով։ Ինչ վերաբերում է իրադրությանը, ապա այն այնպիսին է, ինչպիսին ընտրություններից առաջ կարելի է սպասել քաղաքակիրթ երկրներում։ Մարդիկ ուշադիր հետևում են պայքարին, որին արժանապատիվ քաղաքական գործիչներ են մասնակցում, նրանցից ոչ մեկին ես թշնամի չեմ համարում։ Մրցակից՝ այո, բայց ոչ թշնամի»։ Նա նաև նշել է, որ որպես նախագահի թեկնածու՝ արդյունավետ նախընտրական քարոզարշավի անցկացման համար անձամբ օգտվում է բոլոր օրինական հնարավորություններից։ Բոլոր թեկնածուների համար գոյություն ունեն նախընտրական միջոցառումների, քարոզարշավի հավասար հնարավորություններ, ոչ ոք նրանց համար խոչընդոտներ չի ստեղծում։ Արդեն աշխատում են միջազգային դիտորդների մի քանի խմբեր, որոնք ևս ունեն ընտրությունների ընթացքն օբյեկտիվ գնահատելու բոլոր հնարավորությունները։ «Մամուլը բաց է բոլոր տեսակետների համար, թեկնածուների գրանցումը թափանցիկ է կատարվել»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Դիտարկմանը, որ թեև ընտրությունների կանխատեսումներն այժմ նրա օգտին են, սակայն, վաղ թե ուշ, նախագահի լիազորություններն ավարտելուց հետո ինչպիսի՝ կյանքի մասին է երազում գործող նախագահը, Ս. Սարգսյանը պատասխանել է, որ թեև ընտրությունների կանխատեսումները բարենպաստ են, սակայն դեռ պետք է հաղթել. «Ես երբեք որևէ պաշտոնից կառչած չեմ եղել և երբեք չեմ ծրագրավորել կարիերայի իմ աճը։ Որտեղ էլ աշխատել եմ, հարկ է եղել շատ կարևոր խնդիրներ լուծել։ Եվ խնդիրները լուծելուն համապատասխան, ինձ առաջ են տարել»։ Ըստ Ս. Սարգսյանի՝ երբ հեռանում ես պաշտոնից, ցանկանում ես, որ անցած ուղիդ նշանավորված լինի ձեռքբերումներով և առաջընթացով։ «Հատկապես, երբ հեռանում ես պետական բարձր պաշտոնից։ Նախագահներն էլ բնակիչների նման երբեք նախկին չեն լինում։ Անգամ հեռանալուց հետո նախկին ղեկավարը շարունակում է մեծ հասարակական և պետական պատասխանատվություն կրել։ Կարծում եմ՝ ես դեռ ժամանակ ունեմ այդ պատասխանատվության իրացման ճիշտ ձև որոնելու համար»,- ասել է նա։
Լրագրողի հարցին, թե երկրորդ անգամ առաջադրվելով՝ ի՞նչն է կարևորում իր պաշտոնավարման առաջին ժամկետից, Ս. Սարգսյանը պատասխանել է. «Հինգ տարի առաջ քաղաքական դիմադրությունը և ատելությունը տառացիորեն թունավորել էր կյանքը երկրում։ Պետք էր քանդել այս խճճված կծիկը՝ առանց կտրուկ քայլեր ձեռնարկելու։ Մեզ հաջողվեց կայունացնել և բաց դարձնել քաղաքական համակարգը, բարձր մակարդակով ԱԺ ընտրություններ անցկացնել ազատականացնել, մամուլի դաշտը։ Մենք վերստեղծեցինք հասարակական-քաղաքական երկխոսության արդյունավետ մեխանիզմներ։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը շատ ցավոտ հարված հասցրեց Հայաստանին։ Մեզ մոտ լրջագույն տնտեսական անկում արձանագրվեց։ Փաստացի ստիպված եղանք դուրս գալ փոսից։ Ստիպված եղանք փոխել մեր տնտեսության կառուցվածքը և բովանդակությունը։ Այդ դժվարին պահին մեզ շատ օգնեց ռուսական վարկը։ Անցյալ տարի տնտեսության 7 տոկոս աճ ունեցանք։ Հիմա կարևորն այդ մակարդակը պահելն է։ Բացի այդ երկու ճգնաժամերից՝ 2008-ին Հարավային Օսիայում կոնֆլիկտ ծավալվեց, որը նույնպես ծանր ազդեցություն ունեցավ Հայաստանի վրա։ Հայաստան ներկրվող բեռների մեծ մասը գալիս է և շարունակում է գալ Վրաստանի տարածքով։ Բնականաբար, կապն արտաքին աշխարհի հետ կտրված էր։ Ես նույնիսկ չեմ հիշատակում ղարաբաղյան խնդիրը և տարածաշրջանի ծանր իրավիճակը։ Այստեղ մենք մեծ արդյունքների չենք հասել, բայց հասանք նրան, որ պահպանեցինք խաղաղությունը, ինչն, իմ կարծիքով, թանկ արժե։ Այդ ամենով հանդերձ՝ մեր միջազգային գործընկերներին պարզ դարձավ, որ Հայաստանը կանգնած է պրոբլեմների լուծման խաղաղ և արդար լուծման ճանապարհին»։ Ս. Սարգսյանը նկատել է, որ այդ խնդիրները շատ էին նույնիսկ մի քանի նախագահների համար։