Բաժիններ՝

«Երեխայի կորուստն իմ կյանքի ամենադժբախտ իրադարձությունն էր». Բեյոնսեն՝ իր հղիության ու վիժումների մասին

Երգչուհի Բեյոնսեի և նրա ամուսնու՝ Ջեյ Զիի անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի: Այս անգամ երգչուհին որոշել է զարմացնել իր երկրպագուներին ու պատմել է իր հղիության ու վիժումների մասին: Ամերիկյան «US Weekly» և «People» պարբերականները գրում են, որ շուտով էկրաններ կբարձրանա Բեյոնսեի և Ջեյ Զիի մասին պատմող նոր ֆիլմ՝ «Life is but a dream» («Կյանքը երազ է») անունով: Ֆիլմի էպիզոդներից մեկում Բեյոնսեն պատմում է, որ առաջին անգամ հղիացել է երկու տարի առաջ.

«Իմ երեխայի սրտի զարկերն ինձ համար երբևէ լսածս ամենագեղեցիկ երաժշտությունն էր: Մենք անուններն էինք ընտրում, պատկերացնում՝ ինչպիսի տեսք կունենա մեր երեխան, ում նման կլինի»: Երգչուհու ու նրա ամուսնու երջանկությունը, սակայն, երկար չի տևել. հերթական   ստուգման ժամանակ բժիշկը զույգին հայտնել է, որ երեխայի սրտի աշխատանքը կանգ է առել. «Երեխայի կորուստն իմ կյանքի ամենադժբախտ իրադարձությունն էր: Այդ ժամանակ ինձ երաժշտությունն էր մխիթարում: Հենց այս ընթացքում են գրվել իմ ամենատխուր երգերը»:

Բեյոնսեն ֆիլմի ընթացքում պատմել է նաև իր երկրորդ հղիության մասին, ասել, որ այդ ընթացքում ինքը շատ երջանիկ է եղել. «Չնայած նրան, որ շատ էի վախենում, այնուամենայնիվ հղիության ընթացքը իմ կյանքի լավագույն ժամանակաշրջաններից է եղել: Ես զգում էի, որ Աստված ինձ հնարավորություն է տվել մասնակցություն ունենալ իրական հրաշքի ծնվելուն»:

Հիշեցնենք, որ Բեյոնսեն և Ջեյ Զին ամուսնացել են 2008-ին: Նրանց առաջին երեխան՝ Բլյու Այվի Քարթերը, ծնվել է 2012-ի հունվարի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս