Էպոսագետը Սերժ Սարգսյանին միայնակ չի թողնի

Թեև նախագահի թեկնածու Վարդեն Սեդրակյանը նշել էր, որ փետրվարի 1-ից անցնելու է ակտիվ քարոզարշավի, սակայն նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը, նրան ստիպել է փոխել մարտավարությունը:

«Երևի սխալ էր ասել, որ ամսի 1-ից կսկսեմ: Կյանքը ցույց տվեց, որ մարդիկ ոչինչ չեն որոշում: Ինչպես ժողովուրդն է ասում, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, և հիմա   նույնիսկ որևէ խոսք ակտիվ քարոզարշավի մասին, կարծում եմ՝ բարոյական չի լինի: Հիմա ես, ինչպես մյուս թեկնածուները, ինչպես ամբողջ քաղաքական համակարգը, պարտավոր ենք նստել, սպասել Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց էպոսագետ թեկնածուն:

Վարդան Սեդրակյանը պնդեց, որ ընտրությունների ժամկետների փոփոխությունը չի կարող իրեն ետ պահել ընտրապայքարից և ինչքը չի պատրաստվում հետևել Արամ Հարությունյանի օրինակին՝ ինքնաբացարկ ներկայացնելով: Իր խոսքերով, ինքն այդքան դաժան չէ և Սերժ Սարգսյանին միայնակ չի թողնի ընտրապայքարում: Էպոսագետ  թեկնածուն, սակայն, մեկ այլ սցենարի հույս ունի:  «Չեմ բացառում այն տարբերակը, որ տրվի 14  օր, և այդ ընթացքում Սերժ Սարգսյանը շատ երկար մտածի և ինքնաբացարկ հայտնի, առաջինը ինքը լինի: Համենայնդեպս, արդեն իսկ ակնհայտ է, որ ինքը չի վայելում ոչ արտաքին աշխարհի հարգանքը, երկրի ներսում էլ փայլուն չի դրությունը»,-հայտարարեց թեկնածուն:

Տեսանյութեր

Լրահոս