
Ինսուլինը վերջապես տեղ հասավ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պետության կարիքների համար 2013թ. ինսուլինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։
Հաշվի առնելով շաքարային դիաբետով տառապող հիվանդներին ինսուլինով ապահովելու անհետաձգելի պահանջի բավարարման անհրաժեշտությունը` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հաստատվել է ինսուլինային սրվակների բաշխացուցակը և հանձնարարվել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնին ու Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին` մրցույթի արդյունքների հիման վրա ընդունել և 1-2-օրյա ժամկետում ինսուլինային սրվակները բաշխել Երևանի և ՀՀ մարզերի բժշկական հաստատություններին:
Անհրաժեշտ դեղամիջոցը հիվանդներին հնարավորինս արագ հասցնելու նպատակով Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնը կաշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին։ Նախարարությունը միաժամանակ Երևանի և մարզերի բուժհաստատությունների ղեկավարներին հորդորում է` ինսուլինի բաշխումը կազմակերպել հնարավորինս արագ և սահուն։
Հայցելով շահառուների ներողամտությունը` հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերջին շրջանում ինսուլինի բաշխման կարճաժամկետ ընդհատումը կապված էր պետության կարիքների համար 2013թ. ինսուլինի գնման գործընթացների հետ։