
«Գազպրոմը» կկորցնի՞ աշխարհի ամենաշահութաբեր ընկերության տիտղոսը

2012 թվականի արդյունքներով՝ ռուսական «Գազպրոմ» մոնոպոլիան աշխարհի ամենաշահութաբեր ընկերությունների ցանկում կնահանջի երրորդ կամ չորրորդ տեղը։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ առանց նշելու տեղեկատվության աղբյուրը։
Ուշագրավն այն է, որ 2012 թվականի տվյալները «Գազպրոմը» դեռ չի հրապարակել։ Այդուհանդերձ, «Интерфакс»-ի կողմից վերլուծաբանների շրջանում անցկացված հարցման համաձայն, ընկերության շահույթը կկազմի շուրջ 37.3 միլիարդ դոլար։ Այդ դեպքում «Գազպրոմը» ամենաշահութաբեր ընկերությունների ցանկում իր տեղը կզիջի ամերիկյան ExxonMobil նավթային ընկերությանը (44,88 միլիարդ դոլարի շահույթ) և Apple-ին (41,75 միլիարդի շահույթ)։ Շահութաբերության տեսանկյունից «Գազպրոմի» հետ կարող է մրցակցել նաև Industrial and Commercial Bank of China ընկերությունը, որը դեռ չի հրապարակել իր հաշվետվությունը։
2011 թվականին «Գազպրոմը» ճանաչվել է աշխարհի ամենաշահութաբեր ընկերությունը. զուտ շահույթը կազմել է 44.15 միլիարդ դոլար։