Հիմնական թեկնածուներից Հրանտ Բագրատյանն ամենաքիչ լուսաբանվածն է
Երեկ` հունվարի 31-ին, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է.
«Հունվարի 30-ին հրապարակվել են ՀՌԱՀ մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունը ՀՀ նախագահի 2013 թ. փետրվարի 18-ի ընտրություններին մասնակցող թեկնածուներին վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից 21.01.13 – 27.01.13թթ. ժամանակահատվածում տրամադրված ընդհանուր եթերաժամանակի վերաբերյալ: Ըստ այդ արդյունքների` վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից ՀՀ նախագահի թեկնածուներին տրամադրված ընդհանուր եթերաժամանակը կազմել է. Հրանտ Բագրատյան` 715 րոպե, Պարույր Հայրիկյան`1008 րոպե, Արամ Հարությունյան` 823 րոպե, Րաֆֆի Կ. Հովհաննիսյան` 2160 րոպե, Անդրիաս Ղուկասյան` 658 րոպե, Արման Մելիքյան` 503 րոպե, Սերժ Սարգսյան` 1604 րոպե, Վարդան Սեդրակյան` 592 րոպե:
Բացառելով վճարովի եթերի ազդեցությունը ստանում ենք, որ հիմնական թեկնածուներից Հրանտ Բագրատյանը ամենաքիչ լուսաբանվածն է: Նկատի ունենալով, որ վերգետնյա հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները, որպես կանոն, տնօրինվում են իշխանությունների կողմից, մենք կասկածներ ունենք, որ նրանք գործնական ուղղորդում են ստանում այս կամ այն թեկնածուին լուսաբանելիս: Վերգետնյա հեռուստաընկերություններից ու ռադիոընկերություններից պահանջում ենք քարոզարշավի մնացած հատվածում շտկել բացը եւ վերականգնել հավասարությունը»: