ԱՄՆ-ում ձերբակալված Կարեն Ղազարյանը շանտաժի միջոցով ստիպել է տեսախցիկի առջև մերկանալ 350 կանանց

Ամերիկյան The Los Angeles Times թերթի փոխանցմամբ`ԱՄՆ-ում ձերբակալվել է 27-ամյա Կարեն «Գարրի» Ղազարյանը: Վերջինս մեղադրվել է 350 կանանց շանտաժի ենթարկելու մեջ, որով և նրանց ստիպել է ուղարկել իրենց էրոտիկ լուսանկարները:

Ընդհանուր առմամբ, հունվարի 29-ին ձերբակալված Ղազարյանին ներկայացվել է 30 մեղադրանք, որոնք առնչվում են ցանցահենությանն ու անձնական տվյալների հափշտակմանը: Եթե բոլոր կետերով ապացուցվի Ղազարյանի մեղքը, ապա նրան սպառնում է 105 տարվա ազատազրկում:

Հետաքննությունների Դաշնային բյուրոյի տվյալներով` Ղազարյանը Facebook-ում կամ Skype-ում կոտրել է իր զոհերի էջերը, ինչպես նաև նրանց էլեկտրոնային փոստերն ու փոխել է գաղտնաբառերը: Դրանով իսկ նա նրանց զրկել է սոցցանցերից ու փոստերից օգտվելուց: Կոտրած էջերում Ղազարյանը փնտրել է մերկ կամ կիսամերկ աղջիկների լուսանկարներ, ինչպես նաև այլ սոցցանցերի գաղտնաբառեր և ընկերների անուններ:

Դրանից հետո Ղազարյանը համացանցում գործել է իր զոհերի անուններից և նրանց ընկերուհիներին համոզել է մերկանալ վեբ-տեսախցիկի առջև, որպեսզի կարողանա լուսանկարել նրանց: Շանտաժը չի դադարել անգամ այն բանից հետո, երբ նրա զոհերը տեղեկացել են, որ իրենց ընկերուհու փոխարեն շփվել են անծանոթ տղամարդու հետ:
Ղազարյանը սպառնացել է հրապարակել ստացված էրոտիկ լուսանկարները և պահանջել է, որ աղջիկները Skype-ով ցուցադրեն իրենց մերկ կուրծքը:

Եթե որևէ մեկը հրաժարվել է դա անել, ապա Ղազարյանը նրանց անկեղծ լուսանկարները հրապարակել է Facebook-ում իր զոհերի էջերին: Քննիչները Ղազարյանի համակարգչում հայտնաբերել են մոտ երեք հազար էրոտիկ լուսանկար, ընդ որում նրանցից մի քանիսում պատկերված են եղել 16 տարեկան աղջիկներ:

Դեռ հայտնի չէ, թե նրանցից կոնկրետ քանիսին է շանտաժի ենթարկել Ղազարյանը: Ոստիկանությունը հաշվարկում է նրա կոտրած էջերի քանակը: Ավելի վաղ Ղազարյանը ձերբակալվել է թմրանյութեր պահելու և բռնաբարության մեղադրանքով, սակայն այդ գործերից ոչ մեկն էլ չի հասել դատարան:

Տեսանյութեր

Լրահոս