
Կատվի վազքը մինչև մարագն է

«Ներկա քաղաքական իրավիճակը, գործածելով քաղաքագիտական տերմինաբանություն, կանվանեի անցումային հասարակությանը բնորոշ իրավիճակ։ Նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում է այդպես (բացառությամբ Բալթյան եռյակի)։ Հայաստանում ամենավատը չէ, զարգացման հսկայական ներուժ կա, և այն պետք է գործի դնենք»,- «168 Ժամի» թղթակցի հետ հարցազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը։ Վերջինս, ի պատասխան դիտարկմանը, թե ընդդիմադիրների կարծիքով՝ այսօր իշխանությունները ստեղծել են վախի մթնոլորտ, երբ որևէ խոշոր գործարար զգուշանում է աջակցել ընդդիմադիր ուժերին, նկատել է. «Ուշագրավ է՝ վախի մթնոլորտում բարձրաձայնել վախի մասին… Գործարարի մի տեսակ կա, որ ինքն է կամովին ու տենդագին մղվում դեպի իշխանություն, ըստ ամենայնի, գերշահույթի հետևից ընկած։ Կատվի վազքը մինչև մարագն է. սա է ցուցանում ժողովրդական խոսքը»։ Խոսելով ՀԱԿ-ի մասին՝ ՀՀՇ նախկին անդամն ասել է, թե վերջին անգամ այդ շրջանակ ոտք է դրել 5 տարի առաջ և հասկացել է, որ «ոմանք չնվաճված իշխանությունը բաժանելու մտասևեռման վիճակում են»։
Իսկ հարցին, թե ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի դեմ առաջադրված նախագահի թեկնածուներից որևէ մեկը՝ Հրանտ Բագրատյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան և ուրիշներ, կարո՞ղ է իրական մրցակից դառնալ գործող նախագահի համար, Արա Սահակյանը պատասխանել է. «Բոլորն էլ իրական մրցակից են, ավելին՝ նրանցից ամեն մեկը յուրովի ընդգծված անհատականություն է և փորձառու պետական ու քաղաքական գործիչ։ Մենք Լուսնի վրա հայկական համայնք, կարծես թե, չունենք (ծիծաղում է.- խմբ.)։ Սա է մեր ունեցածը, և նրանք մեր իրականության ադեկվատ արտացոլանքն են»։