
2013 թվականի հունվարին Ադրբեջանի զինված ուժերը վեց կորուստ են կրել. «Դոկտրինա»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Դոկտրինա» լրագրողական հետաքննությունների կենտրոնը հրապարակել է 2013 թվականի հունվարին Ադրբեջանի ուժային կառույցների կրած կորուստների մասին տվյալներ:
Այդ հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրությունում նշված է, որ այդ ժամանակահատվածում մահացել է 6 և վիրավորվել է 3 զինծառայող: Դրանք բոլորն էլ ոչ մարտական կորուստներ են:
Երկու զինծառայող ջրախեղդ է եղել, մեկը զոհվել է ավտովթարի հետևանքով, իսկ երեքը՝ մահացել են հիվանդություններից: Մահացած զինծառայողներից 4-ը ներկայացրել են Պաշտպանության նախարարությունը, 1-ը՝ Ներքին զորքերը, 1-ը՝ ԱԻՆ-ը: