
Թբիլիսիում անցկացվել են հայ-վրացական քաղաքական խորհրդակցություններ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում փոխարտգործնախարարների մակարդակով քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Վրաստանի ու Հայաստանի միջև: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի ու տեղեկատվության դեպարտամենտը:
Այդ խորհրդակցություններում վրացական պատվիրակությունը գլխավորել է Դավիթ Ջալագանիան, իսկ հայկական պատվիրակությունը՝ Շավարշ Քոչարյանը: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ու Վրաստանի երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների այժմեական ուղղությունները:
Խոսքը հիմնականում գնում է քաղաքական, առևտրա-տնտեսական և մշակութային համագործակցության, ԵՄ-ին, ինչպես նաև միջազգային այլ կառույցներին ինտեգրվելու շրջանակներում փոխադարձ աջակցության մասին: Հայաստանի ու Վրաստանի միջև տարբեր ուղղություններով համագործակցության հեռանկարները քննարկվել են այս տարվա հունվարի կեսերին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Երևան կատարած այցի ժամանակ: