Ինչպե՞ս է մեկնաբանում Անդրիաս Ղուկասյանը Գալուստ Սահակյանի այցը
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր համար անընդունելի է, որ Հանրապետական կուսակցությունն իր և իր համախոհների պատկերներն օգտագործում է ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի գովազդային հոլովակներում: «Սա մոլորություն է ստեղծում քաղաքացիների մոտ և կարող է տպավորություն ստեղծել, որ ես և իմ համախոհներն աջակից ենք հանդիսանում իշխող կուսակցության ղեվավարին: Ինչը գիտենք, որ այդպես չէ»,- նշեց նա:
Թեկնածուն նաև շնորհակալություն հայտնեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին, ով եռօրյա հացադուլ էր հայտարարել՝ ի համերաշխություն իր ներկայացրած պահանջների: «Շնորհակալ եմ, որ Շանթն ինձ հետ անցավ աս փոքր, բայց կարևոր ճանապարհը: Իր աջակցությունն ինձ համար հոգևոր մեծ ուժ տվեց: Ես գտնում եմ նաև, որ սա մեր հնարավոր համագործակցության սկիզբն է: Հայաստանի համար բոլոր մտածող ուժերը, բնականաբար, պետք է միավորվեն: Որովհետև հասկանալի է, որ քրեաօլիգարխիկ համակարգը հենց այնպես պետությունը ժողովրդին չի հանձնի»,- ավելացրեց Ա. Ղուկասյանը:
Թեկնածուն նշեց, որ անձնական հիգիենայի խնդիրները լուծելու նպատակով ինքը փետրվարի 4-ին երկու ժամով կգնա տուն: «Ամբողջ օրն այստեղ եմ մնում, և նման պայմաններում կան հիգիենայի խնդիրներ: Հացադուլի 15-րդ օրը՝ փետրվարի 4-ին, երկու ժամով կբացակայեմ այստեղից, կգնամ տուն՝ լողանալու»,- մասնավորեցրեց նա: Ղուկասյանը նշեց, որ ինքը պատրաստ է այդ օրն իր տուն տանել ԶԼՄ ներկայացուցիչներից մեկին:
Ինչ վերաբերում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի և Անդրիաս Ղուկասյանի միջև քիչ առաջ տեղի ունեցած հանդիպմանը, թեկնածուն ասաց, որ այդ քայլը ցույց տվեց, որ հացադուլը PR քայլ չէր: «Իշխող կուսակցությունն ընդունեց, որ սա հացադուլ է, և, որ այս պայքարը սկզբունքային է: Ես, համենայնդեպս, այդպես հասկացա Գալուստ Սահակյանի այցելությունը: Սա պայքար է: Մենք գտնվելու ենք յուրաքանչյուրս մեր սկզբունքային դիրքերում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Գալուստ Սահակյանը հարգանքով է մոտենում իր քայլին, ինչն ամենևին չի նշանակում, որ իրենց գաղափարները նույնն են:
Ա. Ղուկասյանը խոստովանեց նաև, որ իր համար անսպասելի էր Գ. Սահակյանի հետ իր այդ հանդիպումը, քանի որ իրենք քաղաքական տեսանկյունից գտնվում են ծայրահեղ իրարամերժ դիրքերում: