Գալուստ Սահակյանն այցելել է Անդրիաս Ղուկասյանին (տեսանյութ)

Քիչ առաջ ՀՀ նախագահի թեկնածու, հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանին այցելեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանը բացի ընտրություններն առանց կեղծիքների անցկացնելու պահանջից, կոչ էր անում գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ինքնաբացարկով հանդես գալ։ Այդ առումով՝ հնարավո՞ր է որ հանդիպումը համաձայնության նշան է։ 168.am-ի այս հարցին ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց. «Ոչ, որևէ համաձայնություն գաղափարական սկզբունքների տեսակետից չկա: Բայց միևնույն ժամանակ պետք է կարողանանք հարգել կարծիքները: Յուրաքանչյուրը յուրովի է մասնակցում ընտրություններին, և ես չէի ցանկանա, որ մեր ազգում սև և սպիտակներ լինեն: Մենք պետք է կարողանանք արժանավույն գնահատել յուրաքանչյուրի գործողությունները, նույնիսկ՝ չըդնունելով դրանք: Որպես ՀՀԿ ներկայացուցիչ՝ պետք է ասեմ, որ նման երևույթները մեզ համար ընդունելի չեն: Բայց գնահատականներ տալու խնդիր մենք չունենք: Մենք պարզապես պետք է դաշտ ստեղծենք, որ նման երևույթները փոխակերպվեն: Այնուամենայնիվ, նույնիսկ նրանք, ովքեր չեն ընդունում այս գործելակերպը, ես Անդրիասին էլ ասացի այս մասին, պետք է զորավիգ լինեն միայն նրա համար, որ գնացել է այս ճանապարհով. պայքարողներն առանձնանում են հասարակության մեջ»:

Գալուստ Սահակյանը հավելեց, որ լինելով հայ, ինչպես նաև «նույն դաշտի համար կռվող մարդիկ, շատ լավ կլինի բյուրեղացնենք փոխհարաբերությունները թե՛ քաղաքական ուժերի, թե՛ անհատների միջև»:

ՀՀԿ փոխնախագահը արձանագրեց, որ «ամենակարևորը, որ կիսեց ինձ հետ Անդրիասը, ուժեղ Հայաստան ունենալու գաղափարն էր, որի վերաբերյալ, սակայն, մոտեցումներն տարբեր են»:

Կարդացեք նաև

Մենք հետաքրքրվեցինք, թե չե՞ք միջամտի դադարեցնելու հացադուլը, ինչին ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց. «Ոչ: Սա բավականին լուրջ քայլ է: Հացադուլը սովորաբար չեն դադարեցնում, դա իր իրավունքի խնդիրն է: Իհարկե ցանկալի կլինի, բայց ցանկություններով քաղաքական վճիռներ չեն կայացնում: Կոչ անելու խնդիր չկա: Նա այդպես է որոշել: Մենք պարզապես պետք է շատ ուշադիր լինենք, որ պայքարը պայքար մնա ու չվնասի առողջությանը»:

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ Ա. Ղուկասյանին չեն այցելել նաև ՀՀԿ այլ անդամներ, Գալուստ Սահակյանն ասաց. «Բոլորն ազատ են իրենց իրավունքների մեջ: Իսկ եթե ես եկել եմ, դա նաև Հանրապետական իմ թիմակիցների մոտեցումն է: Ես այս պահին ներկա եմ ոչ միայն որպես սովորական քաղաքացի, այլև՝ Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ»:

Տեսանյութեր

Լրահոս