Սերժ Սարգսյան. «Դատարկվող գյուղի պատկերը միակ բանն է, որ ինձ կարող է հունից հանել»

«Այս օրերին ես շատ համայնքներում եմ լինում, գյուղերում ու քաղաքներում: Ամեն անգամ մեր բնակավայրերով անցնելուց հետո երկու զգացում եմ ունենում. հպարտության և խորը տխրության: Մեր գյուղերում, հատկապես սահմանամերձ գյուղերում տների դարպասների վրա հաճախ հանդիպող մեծ ու ժանգոտած՝ գոցված փականներն ամենածանր տպավորությունն են թողնում: Անկեղծ ասեմ՝ դատարկվող գյուղի այդ պատկերը միակ բանն է, որ ինձ կարող է հունից հանել: Անասելի դժվար է հիշել մեր ընկերներին, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր Հայրենիքի անվտանգության համար ու սառնասիրտ նայել այդ դատարկվող գյուղերին: Շատ դժվար է: Բայց, բոլոր դեպքերում, դա էլ մեր պրոբլեմն է, մեր ցավն է, և մենք պետք է կարողանանք այստեղ էլ լուծում գտնել: Նման գյուղերում ես մի այսպիսի պայմանավորվածություն եմ առաջարկում տարեց մարդկանց առաջին հերթին. ասում եմ՝ մենք խոստանում ենք ամեն ինչ անել, որ գյուղում կյանքը լինի ավելի հեշտ, ավելի լավ, իսկ իրենք, որպեսզի պարտավորվեն, նախ այստեղ մնացած իրենց զավակներին համոզեն, որպեսզի ուրիշ տեղ բախտ փնտրելը այդքան էլ լավ չի և միշտ չէ, որ հաջողություն է բերում, և մյուս կողմից կանչեն իրենց հարազատներին, բարեկամներին, որպեսզի մեր Հայրենիքի հզորության համար աշխատեն, այլ ոչ թե այլ երկրների»,- Կոտայքի մարզի Եղվարդ գյուղում ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ ապահով Հայաստան նշանակում է ապահովված գյուղ և ապահով գյուղատնտեսություն: Այդ ոլորտի խնդիրներից Սերժ Սարգսյանը կարևորել է ջրօգտագործման խնդիրը: Նա նշել է, որ այս տարի նախատեսվում է կառուցել երեք ջրամբարներ, որոնցից մեկը կլինի հենց Եղվարդում:

Տեսանյութեր

Լրահոս