Կալիֆոռնիայում ապահովագրական մեքենայությունների գործով ձերբակալվել է 8 հայ
Burbankleader.com-ի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում ապահովագրական մեքենայությունների գործով ձերբակալվել է 8 մարդ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ նրանք բեմադրել են երկու ավտովթար և հայտնել են վանդալիզմի դեպքի մասին՝ դրանով իսկ ապահովագրական ընկերություններից շորթելով 82.000 դոլար:
Քննիչները մոտ երկու տարի առաջ են նախազգուշացվել այն մասին, որ 45-ամյա Սուրեն Գրիգորյանը 2007 թվականին ապահովագրական ընկերությունից պահանջել է փոխհատուցել իր «Մերսեդես» մակնիշի մեքենայի նկատմամբ կատարված վանդալիզմի համար: Իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Գրիգորյանն ինքն է վնասել իր մեքենան և ապահովագրական ընկերությունից ստացել է մոտ 20.000 դոլար:
Հետաքննությունը ցույց է տվել, որ մյուս 7 կասկածյալները հանդիսանում են Գրիգորյանի ընտանիքի անդամներ և մոտ ընկերներ: Ենթադրվում է, որ 2008 թվականին նրանք բեմադրել են երկու ավտոմոբիլային վթար, ինչի շնորհիվ էլ ապահովագրական ընկերությունից ստացել են 62.000 դոլար:
Գրիգորյանից բացի ձերբակալվել են նաև կասկածյալներ 36-ամյա Աիդա Հակոբյանը, 62-ամյա Սեդա Մարգարյանը, 74-ամյա Մամիկոն Հակոբյանը, 49-ամյա Մասիս Գալստյանը, 42-ամյա Ռոզա Գալստյանը, 41-ամյա Ռոզա Իսայանը և 49-ամյա Սեթիկ Փաթաթանյանը: Նրանք ներկայացրել են Գլենդել և Բուրբանկ քաղաքները:
Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, ապա նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում և մինչև 50.000 դոլարի տուգանք: