Հայաստանյան բանկերը 2/3-ով պատկանում են օտարներին
Հայաստանյան բանկերի ակտիվների 67%-ը պատկանում է օտարերկրյա կապիտալին։ Այս մասին նշվում է 180 երկրների բանկային համակարգերի վերաբերյալ զեկույցում, որը պատրաստել է Ամերիկյան Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն (National Bureau Of Economic Research, NBER)։
Այդ ցուցանիշով, Հայաստանի բանկային համակարգը գտնվում է աշխարհի երկրների բանկային համակարգերի առաջին հորիզոնականներում, իսկ ԱՊՀ երկրների շարքում բացարձակ առաջատար է։
Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է 18%, Տաջիկստանում՝ 6%, Բելառուսում՝ 27%։ Փաստորեն, մեր գովերգված ու կայացած բանկային համակարգի հիմնական տերն օտարներն են։
Այս իրողությունը միգուցե զուտ էմոցիոնալ մակարդակում կարող է դուր չգալ հայերին։ Սակայն մյուս կողմից՝ դա վատ ցուցանիշ չէ։ Դա խոսում է ՀՀ բանկային համակարգի բաց լինելու մասին։ Բացի այդ՝ օտարերկրյա կապիտալի ներգրավումն իր հետ բերում է նաև զարգացած համակարգեր ունեցող երկրների փորձն ու ավանդույթները և ձևավորում ավելի մրցակցային մթնոլորտ։ Հարկ է նաև նշել, որ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական դաշտի անկատարությունն ու ոչ կատարյալ դատաիրավական համակարգը, օտարերկրյա կապիտալը որոշ իմաստով պաշտպանված լինելու երաշխիք է հայաստանյան բանկերի համար։ Անգամ տեղեկություններ կան, որ հայաստանյան որոշ բանկեր, թեկուզ խորհրդանշական ծավալով, մասնակցություն են ներգրավել օտարերկրյա բանկերից կամ միջազգային կազմակերպություններից՝ իրենց ավելի ապահով զգալու համար։
Բանկային համակարգի վերաբերյալ ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում։