«Սիվիլիթասի» գործը շարունակվում է

«Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ սկսված քրեական գործը շարունակվում է, հարցաքննություններ են ընթանում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը:

«Թե մինչև ո՞ւր են տանելու, իսկապես ես էլ չգիտեմ: Հիմա ԱԱԾ-ն խորացել է 2009 թվականին «Սիվիլիթասիի» կողմից Մեղրիի 2 գյուղերում իրականացրած ջրամատակարարման մի ծրագրի մեջ և կարծես ուղղվածությունն այն է՝ իբր, «Սիվիլիթասը», ժողովրդական տերմին օգտագործելով, ատկատ է վերցնում»:

Հարցին, թե չե՞ք ափսոսում, որ նախագահական ընտրություններին չեք մասնակցում, չունեք սեփական թեկնածու, ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Չէ, ի՞նչ ափսոսանք: Նպատակը եթե այն էր, եթե ինչ-որ բան ափսոսեինք,  գոնե այս հարցում, ես կարծում եմ, չէր լինի: Համենայդեպս, ես թե՛ իմ, թե՛ «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության մասով որևէ ափսոսանք չունեմ. դեռևս ամեն ինչ առջևում է: Կարծում եմ՝ դեռ անպայման քաղաքականորեն ես իմ ներդրումը կունենամ»:

Ի պատասխան այն հարցին, թե՝ ի վերջո, Ձեզ համար հասկանալի՞ էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումը՝ չմասնակցել նախագահական ընտրություններին, Վ. Օսկանյանը նշեց, որ որոշման կայացման ժամանակ ինքն իր տեսակետը հայտնել է ու շարունակում է մնալ նույն կարծիքին՝ «հարգում է պարոն Ծառուկյանի որոշումը»:

Կարդացեք նաև

«Դա իր անձնական որոշումն է եղել: Իհարկե, ես կցանկանայի, որ զարգացումներն այլ կերպ լինեին, բայց, համենայնդեպս, պարոն Ծառուկյանն այդպես որոշեց, քաղխորհուրդն այդ եզրակացությանը հանգեց, և ես՝ որպես վարչության անդամ, իսկապես հարգում եմ, և մենք շարունակելու ենք մեր քաղաքական ներգրավվածությունը՝ անկախ ընտրությունների արդյունքներից»,- հավելեց նա:

Վ. Օսկանյանը հերքեց այն լուրերը, թե ԲՀԿ-ի չմասնակցելու որոշման վրա ազդել են արտաքին ճնշումները: «Դա եղել է պարոն Ծառուկյանի ու կուսակցության որոշումը: Եվ ես վստահեցնում եմ, որ ճիշտ պահին, երբ ավելի հարմար և բարենպաստ կլինեն պայմանները, մենք այդ բոլորի մասին ավելի մանրամասն կխոսենք»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված լուրերին, թե ԲՀԿ-ի մի մասը նախագահական ընտրություններում շարունակում է սատարել Սերժ Սարգսյանին ու զբաղվել նրա քարոզչությամբ, Օսկանյանն ասաց. «Այս մասին արդեն ասվել է, որ յուրաքանչյուր անհատ կարող է իր անձնական որոշումը կայացնել: Իսկ կուսակցության որոշումը շատ պարզ է, հստակ է: Կարծում եմ՝ կուսակցությունը կշարունակի այն»:

Վարդան Օսկանյանը ասաց նաև, որ արդեն կողմնորոշվել է և գիտի՝ ո՞ւմ է տալու իր ձայնը փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին, բայց անունը գերադասեց չհրապարակել:

«Եթե նախագահական որևէ ընտրություններին հրապարակած լինեի, թե ո՞ւմ օգտին եմ քվեարկելու, գուցե ձեր հարցումը արդարացված լիներ: Բայց ես երբեք չեմ հրապարակում անունները: Անիմաստ է: Ամեն մարդ իսկապես ազատ է իր որոշման մեջ: Ես էլ իմ որոշումը կայացրել եմ»,- մասնավորեցրեց նա:

Դիտարկմանը, թե թեկնածուն ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության ներկայացուցիչ է, Օսկանյան նշեց, որ այդ մասին հրապարակային չի խոսի:

Հարցին՝ չեք հրապարակում անունը, որովհետև վախենում եք դարձյալ հաշվեհարդարի՞ ենթարկվել, ԲՀԿ-ական պատգամավորը հերքեց՝ «ոչ»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե նա արդյոք կշարունակի՞ նույն ոգով քննադատել իշխանությանը, ինչին ի պատասխան նախկին արտգործնախարարն ասաց. «Նախագահական  ընտրություններով ոչինչ չի ավարտվում, քաղաքական գործընթացները չեն ավարտվում: ԲՀԿ-ն կշարունակի իր գործունեություն և ես կշարունակեմ ակտիվ մասնակցել դրանց»:

Տեսանյութեր

Լրահոս