Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը.

«Լեռնային Ղարաբաղում ապօրինի թռիչքների հետ կապված Ադրբեջանի ձեռնարկելիք քայլերը լինելու են Չիկագոյի կոնվենցիայի շրջանակներում: Մենք քաղաքակիրթ երկիր ենք և չենք խախտում միջազգային իրավունքը: Ադրբեջանը մշտապես հավատարիմ է գտնվել միջազգային իրավունքին, այդ թվում նաև Չիկագոյի կոնվենցիային: Ադրբեջանի ինքնիշխանությունը տարածվում է նրա օդային տիրույթի վրա»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու վերաբերյալ վերջերս ընդունված օրենքի հետ կապված Նիկոլայ Բորդյուժան Հայաստանում երեկ հայտարարել է. «Կարող եմ ասել, որ դա կա´մ մտքի անհաջող մեկնաբանություն է, կա´մ էլ անհաջող կատակ, որովհետև ես Ադրբեջանը դիտարկում եմ քաղաքակիրթ երկիր, որը հետևում է համամարդկային արժեքներին

Ես շատ եմ կասկածում, որ որևէ երկրի ղեկավարություն կարող է քաղաքացիական ինքնաթիռների միտումնավոր ոչնչացման հրաման տալ: Պատմությունը գիտի նման դեպքեր, և մենք հիշում ենք ողբերգությունը Հեռավոր Արևելքում, բայց մենք նաև հիշում ենք ամբողջ միջազգային հանրության արձագանքը»:

Տեսանյութեր

Լրահոս