Մենք ամենակատաղի պայքարը պետք է մղենք սեփական թերությունների դեմ. Սերժ Սարգսյան
«Սահմանն ամուր և պինդ է առաջին հերթին ձեզնով, մեր բանակով, մեր զինվորով, մեր սպայով, այսինքն՝ մարդկանցով: Իհարկե, կարևոր են նաև պաշտպանական կառույցները, կարևոր է սպառազինությունը, բայց որևէ սպառազինություն, որևէ պաշտպանական կառույց առանց մարդու ոչինչ է: Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր բանակի մարտունակությունը, շարունակելու ենք ամրապնդել մեր սահմանը, որովհետև թիվ մեկ խնդիրը մեր ժողովրդի անվտանգությունն է: Մեր սահմանները պահող թիվ մեկ՝ ամենակարևոր գործոնն է մեր ժողովրդի ու, առաջին հերթին, սահմանամերձ շրջանների բնակիչների բարձր՝ իսկապես մարտական ոգին, ապրելու և արարելու ձգտումը»,- Տավուշի մարզի ընտրողների հետ հանդիպմանն այսօր ասել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով գյուղական համայնքների խնդիրներին՝ ՀՀ նախագահի թեկնածուն նշել է, որ հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում Տավուշի բազմաթիվ գյուղերում է եղել, խոսել մարդկանց հետ և քաջածանոթ է նրանց ցանկություններին, տրամադրություններին ու խնդիրներին:
Սերժ Սարգսյանը մարզի գյուղական համայնքներում հանդիպումների ժամանակ խոսել է հողի մշակման, գյուղատնտեսությամբ զբաղվելու միջոցով բարեկեցության հասնելու կարևորության մասին՝ ընդգծելով, որ այդ ճանապարհին այսօր առկա բոլոր դժվարությունները միասին հնարավոր է հաղթահարել:
ՀՀ նախագահի թեկնածուի խոսքով, հայ ժողովուրդն իր հերոսական պատմության ընթացքում բազում դժվարությունների միջով է անցել և ավելի կոփված ու ամուր դուրս եկել այդ պայքարից:
«Մարտը միայն պատերազմի դաշտում չէ: Մարտը նաև խաղաղ կյանքում է, քանի որ մենք ամենակատաղի պայքարը պետք է մղենք սեփական թերությունների դեմ: Սա շատ ավելի ծանր պայքար է, քան մարտի դաշտում կռվելը: Ծուլությունը, տգիտությունը, գոռոզությունը մեր ամենամեծ թշնամիներն են: Եվ այս արատների դեմ մենք պետք է պայքարենք:
Շատ բան ենք անում, որպեսզի յուրաքանչյուր հայ ընտանիք իր զավակներին հպարտությամբ ուղարկի դպրոց և խրախուսի նրանց լավ սովորել: Ամբողջ աշխարհում բոլորն էլ գիտեն, որ հայ ընտանիքում մշտապես արել են ամեն հնարավորը երեխաներին լավ կրթություն տալու համար»,-տավուշցիներին ասել է ՀՀ նախագահի թեկնածուն:
Նա ընդգծել է, որ իր համոզմամբ, անգամ ամենահեռավոր գյուղերի երեխաները պետք է քայլեն ժամանակին համընթաց և ո՛չ մի բանով չզիջեն այլ զարգացած երկրների իրենց հասակակիցներին: Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են իրականացվում, որի օրինակներից մեկն էլ, ըստ Սերժ Սարգսյանի, Դիլիջանում մի քանի օր առաջ բացված ուսումնամեթոդական ու կրթական կենտրոններն են:
ՀՀ նախագահի թեկնածուն հավաստիացրել է, որ երեխաների համար հետևողականորեն մատչելի են դարձվում ամենաժամանակակից գիտելիքն ու դրա փոխանցման միջոցները: Իր ելույթում ՀՀ նախագահի թեկնածուն ապահովված գյուղ և արդյունավետ գյուղատնտեսություն ստեղծելու համար կարևորել է նաև ենթակառուցվածքների կատարելագործումն ու ընդարձակումը, որի ուղղությամբ հատկապես վերջին 10-15 տարիներին քիչ աշխատանք չի իրականացվել և այսուհետ ավելի մեծ տեմպերով շարունակվելու է:
Սահմանամերձ բնակավայրերի խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Տավուշի մի շարք այլ համայնքներում՝ Մոսեսգեղում, Վերին Կարմիր աղբյուրում, Նոյեմբերյանում, Կողբում, որտեղ այցելել է ՀՀ նախագահի թեկնածուն՝ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ներկայացնելով նաև իր նախընտրական ծրագրի դրույթները:
«Մեզ համար կենսական խնդիր է մեր բնակչության տարիքային կազմը, մեր երկրում երիտասարդ ընտանիքների ստեղծման ու ծնելիության խթանումը՝ հատկապես ժողովրդագրական առկա միտումների պայմաններում: Բոլոր անհրաժեշտ նախապայմանները պետք է ստեղծել, որպեսզի մեր երկրում էապես ավելանան բազմազավակ ընտանիքները: Մենք այս ուղղությամբ լուրջ ծրագիր ունենք»,- նոյեմբերյանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:
Ալավերդիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածուն ներկայացնելով իր նախընտրական ծրագրի դրույթները՝ դրանց շարքում առանձնացրել է երկու կարևորագույն ուղղություններ և ընդգծել, որ իրականացվող քաղաքականության բոլոր գերակայություններով հանդերձ, գալիք հինգ տարիները լինելու են աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու և կանաչ Հայաստան կառուցելու տարիներ:
serzhsargsyan.am