Բողոքի ակցիայի մասնակիցներին խոստացել են խնդիրը լուծել
Այսօր ՀՀ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Արամի և Սարյան փողոցների շենքերի կառուցապատող «Գապբնակշին» ՍՊԸ-ի գործողությունների արդյունքում տուժած բնակիչները: 168.am-ի տեղեկություններով, վերջիններիս խնդրին խոստացել են շուտափույթ լուծում տալ:
Հիշեցնենք, որ «Գապբնակշին» ՍՊԸ-ի կողմից Արամի փողոցի 72-80 և «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ կողմից Սարյան 19-21 հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերում միևնույն բնակարանները վաճառվել էին մեկից ավելի գնորդների: Ավելին, Սարյան փողոցի շենքի հողատարածքը պատկանում է ոչ թե կառուցապատողին, այլ՝ Գագիկ Ծառուկյանի մտերիմ Աշոտ Ավետիսյանի (Բանգլադեշի Համո) հարազատներից մեկին՝ Անդրանիկ Ալոյանին:
Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանն ասել էր, որ «Գապբնակշին» ՍՊԸ-ի գործողությունների արդյունքում տուժած բնակիչներին բնակարան կարող է հատկացվել «D&H Group» ընկերության կողմից Ծիծեռնակաբերդի խճուղում կառուցվող շենքերից մեկում:
Նշենք նաև, որ կատարած գործողությունների համար քրեական գործ է հարուցվել «Գապբնակշին» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Պապոյանի և փոխտնօրեն Սիմոն Աղազարյանի դեմ: Գործն այժմ գտնվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում:
Datalex տեղեկատվական համակարգի տվյալներով՝ մեղադրական եզրակացության համաձայն՝ Գագիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը: