«Բա իմացա՞ր` Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ պաչեց, գրկեց». Րաֆֆի Հովհաննիսյանը Արարատի մարզում էր (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական քարոզչության շրջանակներում այցելեց Արարատի մարզի Ներքին Դվին, Տափերական, Սուրենավան և Փոքր Վեդի գյուղական համայնքներ: Քարոզչությունը լուսաբանելու էր եկել նաև ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքը: Ր. Հովհաննիսյանի այցելած բոլոր գյուղերն ընդհանուր էին մի հանգամանքով. գյուղապետերը Հանրապետական կուսակցության անդամներն էին, իսկ գյուղացիները` սոցիալական կարիքներից փոքրացած:
Րաֆֆի Հովհաննիսյանը ջերմորեն բարևում էր գյուղացիներին, սեղմում նրանց ձեռքը: Գյուղացիների ոմանք նույնիսկ զարմացած էին: Գյուղերից մեկում կանացից մեկը ոգևորությամբ պատմում էր հարևանուհուն. «Բա իմացա~ր` Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ պաչեց, գրկեց»:
Գյուղացիների համար տարօրինակ էր, որ նախագահի թեկնածուն կարող է ոտքով շրջել գյուղում, մտնել պատահական դեղատուն, մթերային խանութ, մշակույթի տուն, և ամենկարևորը` գյուղ մտնել առանց թիկնապահների ու շքեղ ավտոմեքենաների:
«Գյուղին` թող վերևից չխոսեն: Գյուղը միայն նրա համար չէ, որ ով կապ ունի, ինչ-որ մեկը վարկ է վերցնում և ինչ-որ մի բան… Գյուղը պետք է դառնա պետության շունչը վայելող, պետության նեցուկը»,- Ներքին Դվինի բնակիչներին ասաց նախագահի թեկնածուն` կոչ անելով գնալ ազատ ընտրության:
Սուրենավան գյուղում բնակիչներից մեկը Ր. Հովհաննիսյանին ասաց, որ նախընտրական շրջանում սելիտրան գնում են 6000 դրամով, իսկ մնացած օրերին` 9000 դրամով: «Ինչի՞ չեն 6000-ով տալի՞ս: Մեղք չե՞նք»,- դժգոհեցին գյուղացիները:
«Ուրեմն` Հայաստանը ջրի ռեսուրս ունի, մի քիչ պատշաճ պիտի կառավարվի այդ ջուրը, որ չգնա Ադրբեջան, չթափվի Արաքսի միջոցով, չսուբսիդավորվի պարարտանյութ և այլն, և ոչ թե նախընտրական, այլ` ձեր հասանելիքը: Որևէ պատճառ չկա, որ Արարատյան դաշտավայրի մեր հողերը մնան անմշակ այս ջրի պայմաններում: Որ բերում են դրսից արտադրանք, փոխանակ հայոց արտադրանքը պաշտպանեն, բարձր գին ապահովեն, այնպես են անում, որ հայրենի արտադրանքը մրցունակ չլինի: Բոլոր դեպքերում սեփական օրինակ ես ասում եմ` պատրաստ եմ ծառայել, կյանքի գնով չհանդուրժել, կուլ չտալ որևէ կեղծիք և պայքարել ձեզ հետ, եթե դուք ևս ձեզ վրա վերցնեք քաղաքացու, գյուղացու, հայ մարդու պատասխանատվություն»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: