Բաժիններ՝

Առաջին համատեղ քայլը. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ընտրողների ցուցակների խնդիրը արդիական էր բոլոր ընտրությունների ժամանակ, արդիական է նաև այսօր։ Մասնավորապես, նախորդ՝ խորհրդարանական և այս ընտրություններից առաջ ընդդիմադիրները տարակուսանք են հայտնում, թե ինչու պաշտոնապես ընդունվող արտագաղթի պայմաններում ընտրողների թիվն անընդհատ ավելանում է։

Պաշտոնական բացատրությունը, թե «նորաթուխ» ընտրողներն առաջանում են 18 տարեկան դարձած քաղաքացիներից և քաղաքացիություն ստացած արտասահմանցիներից, ընդդիմությանը չի բավարարում, մի՞թե այդ «նորաթուխների» թիվը գերազանցում է արտագաղթածներին։

Այդ պարագայում իշխանություններն առաջ են քաշում հետևյալ փաստարկը՝ ոչ ոք չի կարող ասել, թե որքան քաղաքացի կա այս պահին երկրի ներսում։ Կարծում եմ, որ դա կեղծ պատճառաբանություն է՝ պետությունը պարտավոր է դա իմանալ, և ավելին՝ իշխանական այն կառույցները, ում որ դա պետք է, ճշգրտության որոշակի աստիճանով դա գիտեն։ Այդ դեպքում, ասում են ընդդիմադիրները, եկեք հրապարակենք իրենց ընտրությունը կատարած քաղաքացիների ցուցակը։ «Օ՛,– բացականչում են նրանք,– չի կարելի, դա մարդու իրավունքների խախտում է, հարցրեք վենետիկցիներին՝ նրանք էլ են այդպես կարծում»:

Ուրեմն արտասահմանում գտնվող հազարավոր մեր քաղաքացիների իրավունքները կարելի է խախտել (ոչ միայն արտագաղթածների, այլև պարզապես գործուղում գնացածներին) թույլ չտալով, որ նրանք քվեարկեն, իսկ ահա իմանալ՝ արդյոք տվյալ քաղաքացին քվեարկել է, թե ոչ՝ կոպիտ միջամտություն է նրա իրավունքներին։

Մի խոսքով՝ քաղաքացիների և ընտրողների ցուցակի հետ խնդիրներ իսկապես կան։ Ամբողջ ցավն այն է, որ ընդդիմադիրներն այդ խնդիրները բարձրացնում են միայն ընտրություններից առաջ, երբ Ընտրական օրենսգիրքը փոխելու տարբերակ արդեն չկա, և երբ որևէ բան ստուգելու առկա հնարավորություններն այլևս սահմանափակ են։ Թե օրենսդրական և թե գործնական քայլերը պետք է արվեն 5 տարիների ընթացքում, ոչ թե վերջին օրերին։ Այդ առումով թե՛ Արման Մելիքյանի պահանջները և թե՛ երեք հիմնական ընդդիմադիր թեկնածուների երեկվա համատեղ հայտարարության ձևակերպումները թեև, ըստ էության, տեղին են, բայց՝ ժամանակավրեպ։

Բայց Բագրատյանի, Հայրիկյանի և Հովհաննիսյանի համատեղ հայտարարությունը դրական քայլ է մեկ այլ իմաստով՝ ցույց է տալիս, որ բոլոր իրենց տարբերություններով և հակասություններով նրանք կարող են իրար հետ պայմանավորվել։ Եթե նրանք ընդունակ են այս՝ «ժամանակավրեպ» հարցում գալ ընդհանուր հայտարարի, ապա, գոնե տեսականորեն, կարող են կատարել համատեղ քայլեր։

Այդպիսի հնարավորություններից նշեմ երկուսը. ա) իրար վարկաբեկող հայտարարություններով հանդես չգալ, բ) փորձել համատեղ վերահսկողություն սահմանել ընտրությունների վրա: Մասնավորապես, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը խորհրդարանական ուժեր են և, հետևաբար, տեղեր ունեն ընտրական հանձնաժողովներում։ Հետևաբար, Րաֆֆին պետք է մոբիլիզացնի իր կուսակցականներին, իսկ Բագրատյանը համոզի իրեն համակրող ՀԱԿ-ականներին, որ նրանք լծվեն ընդհանուր գործի։ Դա հնարավո՞ր է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս