Բաժիններ՝

Շան խնամքի համար անհրաժեշտ է ամսական առնվազն 20.000 դրամ

Ինչպես մարդիկ, այնպես էլ շներն ունեն սննդի, կենցաղային պարագաների, խնամքի, հոգատարության կարիք։ Այսօր շների համար ստեղծվել են այնպիսի պայմաններ, որոնց մասին տարիներ առաջ երազել կարելի էր։

Շների խնամքի համար նախատեսված տարբեր խանութներ առաջարկում են տարբեր ծառայություններ։ Օրինակ՝ «Կենդանիների հյուրանոցում» մարդիկ կարող են իրենց շներին ժամանակավորապես թողնել և ոչնչի մասին չմտածել։ «Կենդանիների հյուրանոցի» աշխատակիցները նրանց մասին հոգ կտանեն։ Հյուրանոցի անասնաբույժ Արման Էլբակյանի խոսքով` շներին իրենց մոտ թողնում են հիմնականում ամառային և ձմեռային արձակուրդների ժամանակ։ Կախված շների չափից՝ իրենց մոտ շուն պահելը միջինացված օրական 3000 դրամ է։

«Շներին պատվաստումներ անելը կախված է նրանց տարիքից. կա հստակ ժամանակացույց, թե ո՞ր տարիքում՝ ե՞րբ, որքա՞ն և ի՞նչ պատվաստում պետք է արվի։ Կյանքի առաջին տարվա ընթացքում պատվաստումների քանակն ավելի շատ է, մոտավորապես 3 անգամ պետք է պատվաստում անել, իսկ դրանից հետո` տարին մեկ անգամ հաճախականությամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմանը։

Վերջինիս կարծիքով` շների համար նախատեսված կերակուրների ընտրությունն այսօր ավելի հեշտ է դարձել, քանի որ կան շատ պատրաստի կերեր. «Ինչ վերաբերում է այն կերակուրներին, որոնք հակացուցված են, ասեմ, որ «չի կարելի»-ների քանակը բավականին շատ է։ Շներին չի կարելի կերակրել խոզի մսով` լինի հում, եփած, ապխտած և այլն, չի կարելի նաև նրանց ոչխարի միս տալ, և այլն»։

shunՄեր այն հարցին, թե օրական քանի՞ անգամ պետք է շանը տնից դուրս հանել, Արմանը պատասխանեց. «Կախված է շների տարիքից, ցեղատեսակից։ Փոքր տարիքում հաճախ պետք է դուրս տանել, քանի որ նյութափոխանակությունն ավելի արագ է կատարվում, և նրանք բնական կարիքները հոգալու ավելի մեծ պահանջ ունեն։ Մեկ տարեկանից սկսած՝ օրական 40-60 րոպեն բավարար է։

Կան շներ, որոնք չափսերով փոքր են, և բնակարանի չափը նրանց համար բավարար է, իսկ մեծ, ակտիվ շներին պարտադիր պետք է տնից դուրս հանել»։

Շների խնամքի բաղկացուցիչ մասն են կազմում նաև մազերի ու եղունգների խնամքը։ Մազերը կտրում են միայն այն ցեղատեսակի շները, որոնք ունեն երկար մազեր. «Շների մազ կտրելը երկու տեսանկյունից կարելի է դիտարկել։ Մի դեպքում մազ կտրելը կախված է տիրոջ քմահաճույքից, երբ ինքն ասում է` «Ուզում եմ սանրվածքն այսպես-այնպես լինի»։ Սա մեր իրականությունում քիչ է հանդիպում, քանի որ շատ տերեր ալարկոտ են և իրենց շներին լավ չեն խնամում։ Մյուս դեպքում շների մազերը կտրում են ճարահատյալ, երբ երկար չխնամելու արդյունքում մազերը խառնվում են և, ուզեն-չուզեն՝ պետք է կտրեն։ Կախված սանրվածքից, շան ցեղատեսակից, չափսից, նախնական վիճակից՝ մազ կտրելու գները տարբեր են և տատանվում են 4000-10.000 դրամի սահմանում։ Ինչ վերաբերում է եղունգներին, ապա ասեմ, որ եթե շունը տնից դուրս է գալիս, եղունգները բնական ճանապարհով մաշվում են, իսկ նրանք, որոնք մշտապես տանն են, երբ երկարում է, պետք է կտրեն»։

Իսկ, օրինակ, «Dog style» խանութում կան ցանկացած ցեղատեսակի  և տարիքի շների համար նախատեսված շորեր-պարագաներ։ Կան և՛ տոնական, և՛ ամենօրյա շորեր, ինչպես նաև՝ տարվա չորս եղանակներին բնորոշ հագուստներ։ Խանութում կարելի է գտնել նաև հարսանեկան զգեստներ։ Կան նաև տարվա չորս եղանակներին հատուկ կոշիկներ։ Խանութում կարելի է գտնել նաև շան համար նախատեսված գուլպաներ։ Շորերի գները սկսվում են 1500 դրամից, կան զեղչեր։ Սովորական շորերի կողքին կարելի է գտնել նաև բրենդային զգեստներ, կոշիկ, պայուսակներ, և այլն»,- մեզ հետ զրույցում ասաց խանութի մենեջեր Անին։

Մեր այն հարցին, թե շների տերերն ավելի շատ նախընտրում են սովորակա՞ն, թե՞ բրենդային հագուստը, Անին պատասխանեց. «50/50 տոկոս։ Կան մարդիկ, ովքեր իրենց շան համար ընտրում են սովորական հագուստ, բայց կան նաև այնպիսիք, ովքեր նախընտրությունը տալիս են բրենդին։ Բրենդային հագուստը սովորական հագուստից գնային առումով շատ քիչ է տարբերվում»։

Խանութում կան շների համար նախատեսված բազմաթիվ պարագաներ, որոնք բնորոշ են հենց այս խանութին. «Քանի որ նոր ծնված շներին չի կարելի  լողացնել, նրանց համար կան հատուկ սփրեյներ։ Կան նաև չոր շամպուններ, ատամի, ականջի խոզանակներ, գելեր, մարմնի, աչքի, ականջի, ատամի համար նախատեսված անձեռոցիկներ, մկրատներ, սանրեր, խարտոցներ և այլն։ Միայն մեր խանութում կարելի է գտնել շների համար նախատեսված մազի ներկեր։ Կան նաև օծանելիքներ, որոնց գները տատանվում են 5000-8000 դրամի սահմանում։ Խնամքի պարագաները ներմուծվում են ԱՄՆ-ից, Անգլիայից»։

Խանութի մենեջերը փաստում է, որ այսօր խանութի հաճախորդների շարքերում շատացել են նաև արական սեռի ներկայացուցիչները, բայց հիմնական հաճախորդներն իգական սեռի ներկայացուցիչներն են։

Թե որքա՞ն գումար է անհրաժեշտ շան մասին լիարժեք հոգ տանելու համար, միանշանակ դժվար է պատասխանել։ Արման Էլբակյանի կարծիքով` գումարը կախված է շան ցեղատեսակից, չափսից, բայց ամսական միջինացված ծախսվում է 20.000 դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս