Նախագահական ընտրությունները կարևոր ջրբաժան են լինելու. Արսեն Համբարձումյան

ՀՅԴ-ն առաջիկա նախագահական ընտրություններից հետո կորոշի՝ մասնակցելո՞ւ է արդյոք այս տարի մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ: Այս մասին 168.am-ին ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

«Որոշումը կկայացնենք նախագահական ընտրություններից հետո, որովհետև սեփական թեկնածուով չմասնակցելով հանդերձ ընտրություններին, այնուամենայնիվ, կարևորում ենք ընտրությունների ինստիտուտը և հավատում, որ իշխանություն ձևավորելու և իշխանություն փոխելու միակ ընդունելի տարբերակն ընտրություններն են: Թե ինչպիսի՞ ընթացք կլինի, ինչպիսի՞ արդյունքներ կլինեն, ի՞նչ ընտրացուցակներով, ի՞նչ թափանցիկությամբ, արդարության ինչպիսի՞ չափաբաժին կունենանք, դա էլ նաև ուղղորդող և դերակատար կլինի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ կայացվելիք մեր որոշման առումով»,- ասաց Արսեն Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ իրենք հակված չեն երկու ընտրությունները միմյանցով շատ պայմանավորելուն, քանի որ յուրաքանչյուր ընտրություն իր առանձնահատկությունն ունի, և քաղաքական ուժերի մարտավարությունն էլ կարող է տարբեր լինել:

«Չեմ բացառում նաև, որ նախագահական ընտրություններից հետո կունենանք հետաքրքիր քաղաքական զարգացումներ, որովհետև այս աննախադեպ իրավիճակը, երբ հիմնական դերակատար քաղաքական ուժերը չեն մասնակցում ընտրություններին, պիտի մտածելու և հետևություններ անելու առիթ տա թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմադիր ուժերին: Ի վերջո, առաջիկա նախագահական ընտրությունները լինելու են գործողությունների և քաղաքականությունների վերարժևորման կարևոր ջրբաժան»,- նշեց Արսեն Համբարձումյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս