Դեպի Սերժ Սարգսյանի ապահով ծերություն
«Երբևէ Մուբարաքը, Քադաֆին կամ Սադամ Հուսեյնը մտածո՞ւմ էին, որ կարող է էդպես ստացվի: Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն ավելի շատ փող և վստահություն ունի, հետևաբար՝ պետք է նայել մի քիչ հեռուն: Պետք է մտածել, թե իշխանություն չլինելու դեպքում քանի՞ հոգի կլինեն քո կողքը»,- 168.am-ին ասաց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ պիտի Սերժ Սարգսյանը միանա իր կոչին և ինքնաբացարկ ներկայացնի:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն օրերս հայտարարեց, որ պատրաստվում է փետրվարի 8-ին ինքնաբացարկ ներկայացնել՝ նույնը պահանջելով նաև նախագահի մյուս թեկնածուներից, այդ թվում և գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից: Արամ Հարությունյանի ձևակերպմամբ, այդկերպ «Սերժ Սարգսյանն իր ապահով ծերության հարցը կլուծի»:
Արամ Հարությունյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանի կողքին այսօր կանգնած են մարդիկ, ովքեր միշտ եղել են իշխանության կողքին, և որ պահից Սերժ Սարգսյանը չունենա իշխանություն՝ նրանք կլքեն իրեն, հետևաբար՝ Արամ Հարությունյանը հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին այժմվանից մտածել ապահով ծերության մասին:
«Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը կարո՞ղ էր մտածել, որ Գալուստ Սահակյանն իր դեմ կարող է խոսել: Նույն Գալուստ Սահակյանը 1995 թվականին «Հանրապետություն» բլոկի մեջ էր: Ուզում եմ ասել՝ ոչ մեկը երաշխավորված չէ, իսկ ամենամեծ երաշխիք կարող է տալ պետությունը: Ես էլ դա եմ ասում՝ Սերժ Սարգսյան, արի իրար հետ ստեղծենք այդ նորմալ պետությունը»,- նշեց Արամ Հարությունյանը: