Բաժիններ՝

Վիրահայոց Թեմը կոչ է անում Սահակաշվիլուն և մյուս լիդերներին ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից

«Քաղբանտարկյալների և մյուս համաներված անձանց, այդ թվում Վահագն Չախալյանի, ազատումը կալանավայրից առաջացրեց բացասական արձագանք ընդդիմությունում գտնվող Միասնական Ազգային շարժման կողմից, որի ներկայացուցիչները վերջին օրերի և շաբաթվա ընթացքում, մասնավորապես, երեկ ամբողջ օրվա ընթացքում անում էին ոչվայելուչ հայտարարություններ, փորձելով նպաստել հակահայկական տրամադրությունների տարածմանը Վրաստանի բազմազգ հասարակության շրջանում:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Մաշ քաղաքական կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին հայտարարեցին, որ քաղաքական բանտարկյալ դարձած Վահագն Չախալյանը, իբր անջատողական է, արտասահմանյան հատուկ ծառայությունների գործակալ և վրացական պետության թշնամի: Նման կարգի բաց հայտարարություններով Նախագահը և ներքին գործերի նախկին նախարարը խոստովանեցին, որ Միասնական ազգային շարժման իշխանությունում գտնվելու ժամանակ, արդարադատությունը փաստորեն բացակայում էր: Եթե Չախալյանն, իրավամբ անջատողական էր և գործակալ, այդ դեպքում ինչու նա դատված չէր Քրեական Օրենսդրության համապատասխան հոդվածներով: Այդ առեղծվածի բացատրությունը մեկն է. նախկին իշխանությունը առանձնահատուկ կերպով օգտագործում էր արդարադատության համակարգը իր քաղաքական ընդդիմադիրների դեմ:

Նախագահ Սաակաշվիլին իրեն թույլ տվեց նաև հիշատակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը, հայտարարելով, որ ազատումը տեղի է ունեցել Նորին Սրբության խնդրանքով: Ուզում ենք հայտարարել, որ նախ՝ դիմումը բխում էր մարդասիրական գաղափարներից և Չախալյանի ծնողների խնդրանքով էր, ինչին չէր կարող չարձագանքել Համայն հայության Հոգևոր հովիվը: Երկրորդ՝ Չախալյանն այսպես թե այնպես ընկնում էր համաներման տակ, քանզի նա դատապարտված էր այն հոդվածներով, որոնք համապատասխանում են Վրաստանի 2013 թվականի հունվարի 12-ի «Համաներման մասին» օրենքին:

Վերջին օրերի ընթացքում Նախագահ Սաակաշվիլու կողմից բազմիցս հիշատակվել է նաև քաղաքական այլ բանտարկյալ՝ Արմեն Գևորգյանի անունը, ում Նախագահը նույնպես մեղադրել է լրտեսության մեջ: Մի՞թե 200 քաղաքական բանտարկյալների ցուցակից Սաակաշվիլին կարողացավ մտապահել բացառապես այս ազգանունները և օգտագործել դրանք որոշակի նպատակների համար: Հարկ է նշել, որ ելնելով մարդասիրական գաղափարներից, Արմեն Գևորգյանի ազատման համար, մեր տվյալներով, իր ժամանակին Նախագահին միջնորդել է Նորին Սրբություն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը դատապարտում է վերը նշված գործողությունները և հայտարարում ու կոչ է անում առանձին քաղաքական գործիչներին՝ կարճատև քաղաքական նպատակների համար չօգտագործել այնպիսի հարցեր, որոնք անմիջականորեն վերաբերում են ինչպես մեր բազմազգ հայրենիքի խաղաղությանը և անդորրին, այնպես էլ երկու եղբայրական ժողովուրդների՝ հայերի և վրացիների միջև հարաբերություններին:

Համոզված ենք, որ անկախ որևէ քաղաքական կամ այլ տեղաշարժերից, մեր ժողովուրդները ապագայում ևս կամրապնդեն և կխորացնեն բարիդրացիական և եղբայրական հարաբերությունները, իսկ Վրաստանի քաղաքացի հայերը եղել են և կմնան Վրաստանին նվիրված զավակներ»:

Վիրահայոց Թեմի մամլո դիվան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս