Իմ դիմումը վիրահայերին և վրացիներին
Վրաստանի իշխանությունները, օգտվելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարդ հարաբերություններից, շարունակում են Վրաստանի հայերի բռնաձուլումը: Այդ լայնամասշտաբ գործընթացը տեղի էր ունենում դեռ Առաջին Բուրժուական Հանրապետության ժամանակ, իսկ հետո գործը շարունակեցին ընկերներ Ստալինն ու Բերիան:
Բռնաձուլման խայտառակ գործընթացը հատկապես արագացավ վերջին ժամանակներում: Եվ այն սկսել է զարգանալ տարբեր ուղղություններով: Ոչնչացվում են հայկական ճարտարապետական հուշարձանները, պղծվում են եկեղեցիներն ու գերեզմանատները, սեփականացվում են հայ գեղանկարիչների ու քանդակագործների, ոմպոզիտորների ու թատերական գործիչների ստեղծագործությունները, երբեմն սեփականացվում են նաև նրանց կենսագրությունները:
Ամբողջ գյուղերի, քաղաքների, շրջանների, թբիլիսցիների տրվում էին հին սովետական նմուշի անձնագրեր, որտեղ քաղաքացիների ազգանունները գրված էին վրացական վերջավորություններով: Ուզում ենք հիշեցնել, որ դա տեղի է ունենում մի փոքրիկ երկրում, որն այսօր կառուցում է թատերական ժողովրդավարություն… Պատմությունը սովորեցնում է, որ ամեն ինչի համար պետք է պատասխան տալ: Հայերը չեն վերանա, նրանք միշտ էլ հայ կմնան, եթե անգամ որոշ ժամանակով ընդունում են հակառակորդի կամ ընդդիմախոսի խաղի կանոնները:
Ուզում եմ Վրաստանի պետական այրերի հայացքն ուղղել դեպի հարևան Թուրքիա, որտեղ Ցեղասպանության ժամանակաշրջանում թուրքացվեցին, մահմեդականացվեցին բազմաթիվ հայեր, որոնք (իսկ նրանք մոտ 4 մլն են) այժմ դանդաղ վերադառնում են սեփական ժողովրդի, եկեղեցու և պատմության գիրկը:
Մենք հասկանում ենք, որ վատ օրինակը վարակիչ է, և Վրաստանի իշխանությունները, մտածելով սեփական ժողովրդի ու երկրի մասին, գիտակցում են, որ հայերից իրենց մնացած մշակութային ժառանգությունն այսօր անպաշտպան է, ինչպես որ ԽՍՀՄ-ի օրոք, երբ չէր կարելի ձեռք բարձրացնել «սրբազան կովի»` երեսպաշտական «ժողովուրդների բարեկամության» վրա: Կարողացա՞ն արդյոք Վրաստանի իշխանությունները պահել երկիրն այսօրվա պետական սահմաններում: Չէ՞ որ այսօր երկրում իրավիճակը ծայրահեղ դրամատիկ է. ժողովրդագրական թշվառ իրադրություն, բնակչության արտագաղթը, թույլ բանակն ու տնտեսությունը, բազմաթիվ ազգամիջյան ու ներազգային հակամարտություններ: Իսկ 2008թ. պատերազմից հետո ծայրահեղ խախուտ է նաև երկրի վիճակը միջազգային հարցերում:
ՌՈՒԲԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ