Միասնական շտաբն անցավ պատմության գիրկը՝ որպես բռնաբարված վերջին հույս

ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ի պատասխան օգտատեր Գրիշա Բալասանյանի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը և արդյո՞ք այս անգամ էլ իշխանությունները կգնան կեղծիքների, գրել է.

«Բարև հարգելի Գրիշա: Գերզբաղվածության պատճառով անմիջապես չպատասխանեցի Ձեր հարցին: Մյուս կողմից, եթե ծանոթանաք իմ facebook-յան էջում տեղադրված՝ Ձեզ հետաքրքրող թեմայով ելույթներին և հրապարակումներին, ապա կտեսնեք, որ դիրքորոշումս միանգամայն պարզ է:

Ինչպես պետք է գնահատի քարոզարշավի ընթացքը ոչ կառավարական կազմակերպության ղեկավարը, ում դեմ քարոզարշավի սկսելուն պես սկսվեց նաև շինծու, սուտ քրեական մեղադրանքով մի խայտառակ դատավարություն, որը, ինչպես Դուք շուտով կհամոզվեք, բացահայտելու է մեր դատաիրավական համակարգի բոլոր խոցերը: Իհարկե, այդ խոցերը քաջհայտնի են Սերժ Սարգսյանին, ով անցած տարվա վերջում ինքն է դրանք մատնանշել իրավապահ համակարգի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

Բայց մի բան է իմացությունը և մի այլ բան՝ արատները արմատախիլ անելու քաղաքական կամքը: Ինչպես հին հույներն էին ասում. գիտեն որն է ճշմարիտը և բարին, սակայն երկրպագում են չարին:

Դուք ինձ հարցնում եք՝ արդյո՞ք այս անգամ էլ իշխանությունները կգնան կեղծիքների: Կներեք, բայց միամիտ հարց եք տալիս, եթե հաշվի առնել այն, որ այս քարոզարշավը ծայրից ծայր՝ մեծագույն կեղծիք է: Այդ իսկ պատճառով քվեարկությունը կարող է և հաստատ կանցնի առանց շոշափելի կեղծիքների: Բայց միայն քվեարկությունը, որովհետև ընտրարշավը կեղծ է ի սկզբանե: Ինչպե՞ս կարելի է շինծու գործընթացի առանձին փուլի մասին դատողություններ անել՝ կե՞ղծ է այն, թե՞ ոչ, եթե դա ամբողջական գործընթաց է: Հիշում ե՞ք հին հույներից իմաստասեր Զեննոնին և նրա «Ստախոսը» հայտնի ապորիան:

Գործնականում հնարավոր չէ պարզել «Ստախոսը» առանձին դեպքում իսկապես ստո՞ւմ է, թե՞ ճիշտ է խոսում: Մեր ընտրական և ավելի լայն իմաստով ՝ քաղաքական համակարգը ժողովրդի աչքերում այդ «Ստախոսն» է:

Անցած տարի, նախաձեռնելով ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի ստեղծումը, վերջին ճիգը գործադրեցի ճեղքելու անվստահության այդ կախարդված շրջանակը: Այսօր իշխանությունները նստացրել են ինձ ամբաստանյալի աթոռին, իսկ Միասնական շտաբը, արժանանալով Կռիլովի հայտնի առակի հերոսների ճակատագրին, անցավ պատմության գիրկը ՝ որպես բռնաբարված վերջին հույս:
Հարգանքներով ՝ Հմայակ Հովհաննիսյան»:

Տեսանյութեր

Լրահոս