Կապկպել են կնոջն ու պահանջել 240.000 դոլար

Ապօրինի մտնելով Արտուշ Հակոբյանի առանձնատուն, լիցքավորված զենքը պահել են վերջինիս կնոջ վրա, տարել ննջասենյակ, պառկեցրել հատակին, իսկ վերջում… պահանջել 240 000 ԱՄՆ դոլար: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ քննվող քրեական գործից, վերոնշյալից բացի, տեղեկանում ենք նաև կատարվածի առնչությամբ չորս անձանց առաջադրված մեղադրանքի այլ մանրամասների:

Ըստ այդմ, Երևանի բնակիչ Արմեն Առաքելյանը 2012թ. ապրիլի սկզբներին Երևանի ‹‹Առաջին մաս›› կոչվող տարածքում գտնվող շինանյութի շուկայում, ըստ Առաքելյանի,  իրեն անծանոթ քաղաքացուց 200 դոլարով ապօրինաբար ձեռք է բերել ու պահել 5,45 մմ տրամաչափի ‹‹ԱԿ-74›› տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև դրա 60 հատ մարտական փամփուշտ: Ինչպես ասում են, միտքն այն գլխից պղտոր է եղել: Քրեական գործի նախաքննությունն իրականացրած մարմինը, ցավոք, այդպես էլ չի պարզել, թե Ա. Առաքելյանը կոնկրետ ումից է գնել բավական լուրջ զենք համարվող ինքնաձիգը:

Այնուհետև Ա. Առաքելյանը նախնական համաձայնության գալով Երևանի բնակիչ Բախշի Դավթյանի, Աբովյան քաղաքի բնակիչ Ասատուր Հակոբյանի և Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ Արեգ Ղազարյանի հետ, խմբով, վերջինիս վարած ‹‹Լեկսուս›› մակնիշի, 32 ՍՍ 017 պետհամարանիշի ավտոմեքենայով, հիշյալ ինքնաձիգը վերցրած, գնացել են ‹‹որսի››… Ավելի որոշակի` Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում գտնվող Ա.Հակոբյանի առանձնատուն։ 2012թ. ապրիլի 25-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արմեն Առաքելյանը՝ դիմակավորված Ա. Ղազարյանի և Բ. Դավթյանի հետ միասին, ապօրինի մուտք է գործել Ա. Հակոբյանին պատկանող առանձնատուն, եւ տանը գտնվող վերջինիս կնոջը` Նարինե Ազատյանին, վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով տարել  ննջասենյակ, պառկեցրել հատակին, ապա  Ա. Ղազարյանի ու Բ. Դավթյանի օգնությամբ կպչուն ժապավենով կապկպել նրա ոտքերն ու ձեռքերը, ապա պահանջել է հանձնել 240 000 դոլար, ինչպես նաև տանը պահվող ոսկյա զարդերը:

Այնուհետև, ըստ նախաքննական վարկածի, Արեգ Ղազարյանը մյուս ննջասենյակում անձամբ փնտրել, գտել և հափշտակել է ոսկյա զարդեր, որոնք լցրել է Արմեն Առաքելյանի հագուստի գրպանը։  Հանցակիցները  առանձնատնից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գույք` 1.201.000 դրամ գումար և 4.604.900 դրամ արժողությամբ ոսկյա ու ոչ ոսկյա զարդեր, ոսկու կտորներ, քարեր։ Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ա. Հակոբյանը հափշտակության ընթացքում, նախապես խմբի անդամների միջև դերերի բաշխման համաձայն, հիշյալ ավտոմեքենայով նրանց սպասել է դրսում և բնակարանից դուրս գալուց հետո, նույն ավտոմեքենայով տարել դեպքի վայրից:

Նշված 4 անձանց՝ Ասատուր Հակոբյանին, Արմեն Առաքելյանին, Արեգ Ղազարյանին, Բախշի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ավազակային հարձակում կատարելու, ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու և պահելու համար,  բոլորն էլ կալանավորվել են ու գտնվում են ‹‹Նուբարաշեն›› քրեակատարողական հիմնարկում։

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս