Մեզ չհամեմատե՛ք ԲՀԿ-ի հետ. ՀՅԴ անդամ
Չնայած այն բանին, որ ԲՀԿ-ն պաշտոնական դիրքորոշում էր հրապարակել՝ չմասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին որևէ ձևաչափով և նաև չսատարել առաջադրված թեկնածուներից ոչ մեկին, այնուամենայնիվ, Գյումրիում ԲՀԿ-ական գործիչները մեկը մյուսի հետևից հանդես եկան հայտարարություններով, թե իրենք սատարելու են Սերժ Սարգսյանին կամ աշխատելու են նրա օգտին:
Այդ մասին արդեն հայտարարել են ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, այնուհետև թիվ 33 ԸԸՀ-ի ԲՀԿ պատասխանատու Վարդևան Գրիգորյանն ու ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Galatv.am-ը ՀՅԴ Շիրակի մարզային գործիչներից փորձեց ճշտել՝ հնարավո՞ր է, որ ՀՅԴ որոշ գործիչներ ևս հետևեն ԲՀԿ-ի` իրենց համաքաղաքացիների ու գործընկերների օրինակին և աշխատեն Սերժ Սարգսյանի օգտին:
«Դա աբսուրդ է, որևէ մեկը չի կարող սատարել, մենք անգամ կուսակցական որոշում ունենք՝ չսատարել իշխանական թեկնածուին, իսկ թե ԲՀԿ-ն ինչ կորոշի, խնդրում եմ չկապեք ԲՀԿ-ի հետ, որովհետև շատ իրարից հեռու ենք` որպես կուսակցություն և որպես քաղաքական ուժ, ես չէի ցանկանա, որ նմանատիպ համեմատություններ լինեին: Մեր ժողովը որոշել է, որ թեկնածու չի առաջադրելու, էդ ժամանակ նաև որոշում ենք կայացրել, որ մենք չենք սատարելու իշխանական թեկնածուին»,-ասաց ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Գևորգ Ալեքյանը:
ԳԱԼԱ-ի թղթակցի հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է ժողովից և կուսակցական որոշումներից դուրս, որպես ՀՀ քաղաքացի՝ առանձին, անհատական վերաբերմունք ցուցաբերեն, և որոշ մարդիկ, այնուամենայնիվ, աշխատեն ՀՀԿ թեկնածուի օգտին, Գ. Ալեքյանը պատասխանեց.
«Չեմ ուզենա և խնդրում եմ, որ մեր կուսակցությունը չհամեմատեք ԲՀԿ-ի հետ, մեր մեջ չկան նմանատիպ կուսակցական ուժեր, որ կուսակցական որոշում չկատարեն կամ բացի կուսակցական որոշումից այլ բան կատարեն: Մեզ մոտ եղած խստապահանջությունն ու կարգապահությունը ընդհանրապես չենք համեմատում այլ կուսակցությունների հետ, Դաշնակցությունում միանձնյա որոշում չկա, ամեն ինչ որոշվում է ժողովներով, Դաշնակցության մեջ կոլեգիալ ղեկավարումներ է, որևէ տեղ մենք չունենք որևէ ընկեր, որ հայտարարած լինի, որ ինքը անհատապես սատարելու է այս կամ այն թեկնածուին:
Ես լսել եմ Բալասանյանի հայտարարությունը, ու ասեմ` ես դրանից ավելի որևէ բան չէի սպասում, որովհետև ես բազմիցս ասել եմ իմ ելույթներում, որ ԲՀԿ-ն որպես էդպիսին… քաղաքապետ նշանակեցին, այդ ամենը կազմակերպված էր գործող նախագահի կողմից, մարդն իրա պարտքը հետ տվավ, նրա համար նշանակություն չունի` մարդն էս կուսակցությունից է, կամ էն կուսակցությունից է, բազմիցս ասել եմ, չմոռանանք, որ նա եղել է ՕԵԿ անդամ, այսինքն` ամեն ինչ իրա պարագայում շատ ավելի պարզ է»: