Հունաստանի ՊՆ-ը Թուրքիային կոչ է արել դադարեցնել ծովային սահմանների և օդային տիրույթի խախտումները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Հունաստանի կառավարությունը մտադիր է ՄԱԿ-ում հասնել իր բացառապես տնտեսական գոտու (ԲՏԳ) սահմանների ճանաչմանը: Այս մասին էներգետիկ անվտանգության ու պաշտպանության վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Պանայոտոպուլոսը:

Վերջինիս խոսքերով՝ Հունաստանը պլանավորել է մեծ դեր խաղալ աշխարհաքաղաքականության մեջ. «Վարչապետ Անտոնիս Սամարասի կառավարությունը ոչ մի միլիմետր չի նահանջելու ԲՏԳ-ի վերաբերյալ իր նախընտրական խոստումներից: Կառավարությունը մինչև գարնան վերջ հանդես է գալու շատ կարևոր նախաձեռնություններով: Եկել է Հունաստանի գեոռազմավարական ու աշխարհաքաղաքական դերը մեծացնելու ժամանակը:

Հունաստանն առանցքային երկիր է Արևմուտքի անվտանգության համակարգում: Թուրքիան պետք է վերջ դնի Էգեյան ծովի շրջանում ծովային սահմանների և օդային տիրույթի խախտումներին: Դրանք խանգարում են համագործակցության, բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանի կայունությանը: Հունաստանը լի է վճռականությամբ՝ թույլ չտալու համար որևէ մեկի կողմից իր ինքնիշխանության վիճարկումը:

Հունաստանը մտադիր է պաշտպանական ոլորտում ամրագրել իր հարաբերությունները Գերմանիայի, Ֆրանսիայի, ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ: Ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունները, այն որ Հունաստանը պատկանում է Արևմտյան աշխարհին չի նշանակում, որ փակ են դռները նոր խաղացողների համար, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը»:

Հունվարի սկզբին հունական ԶԼՄ-ները գրել էին, որ Հունաստանի կառավարությունը խիստ գաղտնի պայմաններում մի քանի ամիս խորհրդակցություններ է անցկացրել շելֆի սահմանազատման ուղղությամբ և այս տարեսկզբին մտադիր է հայտ ներկայացնել ՄԱԿ:

Հիշեցնենք, որ Թուրքիան ու Հունաստանը, 1970-ական թվականներից սկսած, հակամարտության մեջ են Էգեյան ծովի շելֆի բաժանման հարցում, ուր առկա են նավթագազային պաշարներ: Թուրքիան գտնում է, որ 30 ծովային մղոնի հաշվարկը պետք է սկսվի հունական ցամաքից (Բալկանյան թերակղզուց) և ոչ թե Թուրքիայի ափերի մոտ գտնվող հունական կղզիներից: Բնականաբար, պաշտոնական Աթենքն ընդդիմանում է դրան:

Օդային սահմանի հարցում Հունաստանը պնդում է, որ միջազգային իրավունքի համաձայն` իր օդային սահմանները տարածվում են Էգեյան ծովի կղզիներից 10 ծովային մղոն (19 կիլոմետր) հեռավորության վրա: Մինչդեռ Թուրքիան հունական օդային տարածությունը ճանաչում է կղզիների շուրջ ընկած միայն 10 կիլոմետր (6 ծովային մղոն) հեռավորության վրա:

Թուրքական կողմի այդ դիրքորոշման պատճառով թուրք օդաչուներն իրենց իրավունք են վերապահում թռչելու Էգեյան ծովում միմյանց հարող կղզիների վրայով, ինչը Հունաստանը դիտարկում է որպես իր օդային տարածքի խախտում և կանոնավոր օդ է բարձրացնում իր կործանիչները: Սակայն դրանք կրակ չեն արձակում և մանևրների միջոցով հակառակորդի էսկադրիլիաներին «ուղեկցում» են դեպի թուրքական օդային տարածք: Թուրքական կողմը դրանք անվանում է «շնային մարտեր»:

Ի դեպ, 2010 թվականի հոկտեմբերի 20-ին թուրքական Milliyet թերթը գրեց, որ Հունաստանը միայն 2009 թվականին Էգեյան ծովի երկնքում մարտական ինքնաթիռների միջոցով Թուրքիայի դեմ իրականացրել է 1383 կանխարգելիչ գործողություն, որոնց վրա ծախսել է 25.620.000 եվրո: Ընդհանուր առմամբ, 2000–2009 թվականներին Հունաստանի ռազմաօդային ուժերն իրականացրել են 19.888 այդպիսի կանխարգելիչ թռիչք, որոնց վրա հունական կողմը ծախսել է 447.5 միլիոն եվրո: Հունական կողմի տվյալներով՝ 2000–2009 թվականներին Թուրքիայի ռազմաօդային ուժերը 49.228 անգամ խախտել են իր օդային սահմանը:

Տեսանյութեր

Լրահոս