
ԱՄՆ Սենատ է ներկայացվել «գրոհային զենքը» արգելելու մասին օրինագիծը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեմոկրատ սենատոր Դայեն Ֆայնսթինը երեկ Սենատին է ներկայացրել այսպես կոչված «գրոհային զենքի» արգելման մասին օրինագիծը: Սենատորն այդպիսի օրինագիծ պատրաստելու մասին խոստում էր տվել 2012 թվականի դեկտեմբերին Քոնեքթիքութ նահանգի Նյութաուն քաղաքում տեղաբնակ Ադամ Լանզայի կազմակերպած սպանդից հետո, որի հետևանքով զոհվել էր 20 անչափահաս և 6 չափահաս մարդ:
Օրինագծով ենթադրվում է արգելք դնել գրոհային զենքի 157 մոդելների վրա՝ ներառյալ կիսաավտոմատ AR-15 հրացանը, որից կրակել էր Լանզան: Սակայն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որոնք ներկայումս մեծամասնություն են կազմում ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում, կտրուկ դեմ են զենքի վրա դաշնային մակարդակով ամեն տիպի սահմանափակումների մտցմանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում «գրոհային զենքի» վաճառքի վրա դրված արգելքը գործել է 1994-2004 թվականներին: Վերջին տարիներին բազմաթիվ փորձեր են ձեռնարկվել այդ արգելքի վերականգնման մասին, սակայն դրանք չեն պսակվել հաջողությամբ